երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայկական կողմից որևէ խախտում չի եղել.ՊԵԿ փոխնախագահը՝  Հայաստանից  Ղազախստան ներկրված մեքենաների մասին

Հայկական կողմից որևէ խախտում չի եղել.ՊԵԿ փոխնախագահը՝ Հայաստանից Ղազախստան ներկրված մեքենաների մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ անդրադարձավ հայ-ղազախական տնտեսական խնդրին, որն առաջացել է Հայաստանից  Ղազախստան ներկրված ավտոմեքենաների հետ կապված:

Նա նշեց, որ Հայաստանում գնված և Ղազախստան տեղափոխված ավտոմեքենաների հարցում հայկական կողմից որևէ խախտում չի իրականացվել: Ըստ նրա՝ հայ վաճառողները որևէ խախտում թույլ չեն տվել, ամեն ինչ իրականացվել է ԵԱՏՄ կողմից Հայաստանին տրամադրված արտոնության շրջանակում։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին մինչև 2020 թվականի հունվարի 1-ը տվել էր մաքսատուրքերի արտոնություններ՝ այդ թվում նաև երկրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մասով:  Այս ընթացքում մեծ թվով ղազախներ Հայաստանում ձեռք են բերել գրանցում, գնել ավտոմեքենաներ, հաշվառել դրանք ու արտահանել Ղազախստան։ Սա, սակայն, Ղազախստանում պետության կողմից միանշանակ չի ընդունվել:

Շուշանիկ Ներսիսյանն ասաց, որ Հայաստանն այս պահին մեծ խնդիր չունի: «Մենք, ոստիկանությունը Ղազախստանի կոլեգաների այցի ընթացքում ամբողջ տեղեկությունը տրամադրել ենք: Այն, ինչ իրականացվել է մեր կողմից, իրականացվել է առանց որևէ խախտման՝ ամբողջությամբ մեզ հասնող արտոնությունների շրջանակում։ Հիմա միակ խնդիրն այն է, որ միգուցե Ղազախստանը ներպետական օրենքներով այնպիսի սահմանափակումներ դնի, որ արտոնությամբ մաքսազերծված ավտոմեքենաները հնարավոր չլինի Ղազախստան ներմուծել»,-ասաց նա։

Նրա խոսքով, ղազախներն այս ավտոմեքենաները տարել են Ղազախստան հայկական գրանցումով, իսկ այնտեղ վերավաճառելու համար այդ ավտոմեքենաները Հայաստանի գրանցումից պետք է դուրս գան։

«Եթե ցանկանան դրանք վերավաճառել, պետք է վերադառնան Հայաստան, եթե գույքահարկի պարտավորություն ձևավորված լինի, ապա դա կատարելուց հետո միայն այդ ավտոմեքենաները այստեղ հաշվառումից կհանենք, որպեսզի կարողանան այնտեղ վերահաշվառել»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

  • Կիսվել: