ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է. Ազուր

Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է. Ազուր

Արժույթի Միջազգային Հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրն «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ տնտեսական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը ճիշտ ուղու վրա է:

Նա նշել է, որ երկրի նոր կառավարությունը կարեւոր առաջընթաց է արձանագրել. «Հայաստանում առաջընթացը ճիշտ ուղու վրա է, եւ մենք կոչ ենք անում կառավարությանը շարունակել բարեփոխումները, որոնք թույլ կտան երկրի տնտեսությանը լինել ավելի արդյունավետ եւ նոր ներդրումներ գրավել: Հայաստանն այսօր մի երկիր է, որն ունի լուրջ ներուժ եւ կարող է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանային եւ միջազգային առումով»:

Ազուրն ընդգծել է, որ խոսքը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի, հարկային եւ ֆինանսատնտեսական ոլորտի բարեփոխումների մասին է:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Վաշինգտոնում Համաշխարհային Բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի ամենամյա համաժողովում ասել է, որ Հայաստանը կարեւորում է ֆինանսական հսկայական կառույցների հետ համագործակցությունը, որը բխում է առաջին հերթին հենց Հայաստանի կառավարության ծրագրերից:

Փոխվարչապետն անդրադարձել է նաև 2019-21 թթ. Հայաստանում 5 տոկոսանոց տնտեսական աճի վերաբերյալ Համաշխարհային Բանկի կանխատեսումներին՝ նշելով, որ երկրի իշխանությունները հիմնական շեշտը դնում են տնտեսական աճի ուղղակի ազդեցությանը քաղաքացիների կյանքի բարելավման վրա. «Սպասումների ձեւավորումն ավելի շատ վերաբերում է ոչ թե նոմինալ արտահայտմանը, այլ թե որքանով դա կանդրադառնա մարդկանց կյանքի որակի եւ սոցիալական պաշտպանվածության վրա»:

Վաշինգտոնում համաժողովին մասնակցող «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն էլ հավելել է. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետը 24 ժամ աշխատում է: Եթե նա 24 ժամ աշխատում է եւ ցանկություն ունի երկիրն առաջ տանելու, ապա մենք նույնպես ուրախ ենք աշխատել: Ասեմ, որ նույնիսկ այսօր գործարարները հաճույքով են հարկեր վճարում»:

  • Կիսվել: