երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը չզարգացած արժեթղթերի շուկան է․ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը չզարգացած արժեթղթերի շուկան է․ Փաշինյան

ՀՀ-ում առկա Ներդրումային միջավայրի ակտիվացման հարցում կառավարությունը դեռ չի հասել իդեալական վիճակի։ Այս մասին Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Այս ոլորտում ունենք հայտնի և լատենտ խնդիրներ, որոնք գտնվում են գործադիրի ուշադրության կենտրոնում»,- նշել է նա:

 

Վարչապետի խոսքով՝ ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար ամենակարևոր գործոններից և կամ այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկը: «Սա խնդիրներ է ստեղծում և՛ ընկերությունների, և՛ քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիներն իրենց հնարավորությունները ներդնելու այլընտրանք չեն ունենում, բացի բանկային համակարգը, իսկ ընկերությունները նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու այլընտրանք չեն ունենում կրկին բացի բանկային համակարգը:

 

Ցավոք, մենք չենք կարող պարծենալ, որ մեր բանկային համակարգում տոկոսները շատ ցածր են, բայց պետք է արձանագրենք, որ բանկային համակարգում տոկոսադրույքների նվազման հստակ գործընթաց է տեղի ունենում: Պետք է նաև գոհունակությամբ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կան ընկերություններ, որոնք չեն սպասում արժեթղթերի շուկայի զարգացմանը և իրենք արդեն նախաձեռնություն են ցուցաբերում, արժեթղթեր են թողարկում և հնարավորություն են ունենում ու օգնում են խթանել այս դաշտի առավել զարգացումը»,- ասել է վարչապետը:

 

Խոսելով օտարերկրյա ներդրումների մասին՝ կառավարության ղեկավարն ասել է, որ այստեղ էլ ունենք խնդիրներ և իրավիճակը գնահատելու կոնկրետ չափանիշ: «Առկա է մի գործիք, որը հասանելի է տնտեսական գործունեությամբ զբաղվող միջազգային հանրությանը: Ես նկատի ունեմ եվրոբոնդերի թողարկումը, որն առանձնահատուկ էր նրանով, որ Հայաստանի համար ռեկորդային ցածր տոկոսադրույքով տեղաբաշխվեց և Հայաստանի համար ռեկորդային բարձր պահանջարկ ուներ:

 

Մենք մտադիր ենք վերաֆինանսավորել 500 մլն դոլարի պարտքը, բայց պահանջարկը շուկայում գերազանցում էր 2 մլրդ դոլարը: Եվ այստեղ մենք գալիս և հանգում ենք մեր հաջորդ տնտեսական զարգացման համար ամենակարևոր խնդիրներից մեկի լուծմանը: Խոսքը պետության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի մասին է: Գիտեք, որ Հայաստանում կապիտալ ծախսերի իրականացումը միշտ ուղեկցվել է տարբեր կարգի ինստիտուցիոնալ խնդիրներով: 2018 թ. իրադարձություններից հետո այդ խնդիրը խտացել է ևս մի բաղադրիչով. դա կոռուպցիայի դեմ պայքարի բաղադրիչն է, ինչը մեզ թույլ չի տվել, որպեսզի մենք կապիտալ ծախսերի մասով կատարենք կամ գերակատարենք մեր ծրագրերը»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ կառավարությունը խիստ է անցկացվող մրցույթների նկատմանբ և ամեն ինչ անում է, որպեսզի նախկինում եղած վատ ավանդույթները կրկնվեն:

 

«Ի՞նչ կապ ունի սա եվրոբոնդերի հետ. մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր, որոնք լուրջ խթան կհանդիսանան տնտեսության համար: Այս առումով, կարևոր է կողմնորոշվել այդ նախագծերի հարցում, ճշգրիտ որոշումներ կայացնել, թե ինչպիսի նախագծերն առավելագույնը կխթանեն երկրի տնտեսությունը:

 

Մենք տեսնում ենք նաև, որ ունենք բավականին մատչելի, այդ մեգանախագծերի ֆինանսավորման պոտենցիալ, ինչը նոր եվրոբոնդերի հնարավոր թողարկումն է: Այդ հարցն իհարկե պետք է քննարկել և կողմնորոշվել կոնկրետ նախագծերի իրականացման ուղղությամբ: Իհարկե լավ լուր է նաև այն, որ կառավարությունը Հայաստանի ներքին շուկայից նույնպես միջոցներ ներգրավվելու մեծ հնարավորություններ ունի և ներքին ռեսուրսները նույնպես կարող են կիրառվել այս նպատակի իրագործման համար: Ամենակարևորն այն է, որ Հայաստանում առկա է, շարունակում է պահպանվել բարձր տնտեսական տրամադրությունը, որը մեզ հույս է տալիս, որ մենք 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի մեր տեմպերը:

 

Այս առումով, ուզում եմ արձանագրել, որ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունները վերագնահատել են մեր երկրի առաջիկա տարիների տնտեսական աճի կանխատեսումները և բոլորն աճը գնահատել են ավելի բարձր, քան նախկինում: Մեզ մնում է այս ֆոնին լուծել օրենսդրական, կառուցակարգային, կառավարության արձագանքների արագության և արդյունավետության խնդիրները: Կարող ենք արձանագրել, որ այն դաշտը, որի վրա պետք է կառուցվի նոր տնտեսական հարաբերությունը՝ պատրաստ է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: