կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ քննարկումներ են ընթանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ

«Հայաստանի Հանրապետություն»․ քննարկումներ են ընթանում զբոսաշրջության զարգացման ուղղությամբ

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի զբոսաշրջության հարցերով աշխատանքային խումբը երեկ հանդիպում էր ունեցել Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ։ Քննարկվել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարությունը, որով նախատեսվում է ավելի արդյունավետ դարձնել զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության իրականացումը՝ սահմանելով Հայաստանի զբոսաշրջության տեսլականը, առաքելությունը եւ հետագա աճի հնարավորությունները մինչեւ 2030 թվականը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, աշխատանքային խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ ամենահիմնական հարցը վերաբերում էր՝ արդյո՞ք ռազմավարությունն ամբողջական է, թե ենթադրում է լրացուցիչ գործողությունների ծրագիրը, ինչը բացակայում էր։ «Մենք ստացանք հուսադրող պատասխան։ Կոմիտեն այժմ աշխատում է գործողությունների ծրագրի վրա, որը առաջիկա մեկ-երկու ամսում ավարտին կհասցվի։ Արդյունքում կունենանք գործողությունների հստակ ծրագիր հստակ ժամանակացույցով, որով կկարողանանք իրականացնել ռազմավարության մեջ գրված նպատակները»,- ասաց պատգամավորը։

Կառավարության ներկայացուցչի հետ քննարկել են նաեւ զբոսաշրջության ոլորտում հարկային քաղաքականության հետ կապված մոտեցումները։ Պատգամավորը նկատեց, որ ռազմավարության մեջ ներկայացված են միայն համաշխարհային տենդենցները, անհրաժեշտ կլինի իրականացնել վերլուծություն, թե դրանցից որոնք են կիրառելի Հայաստանում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: