երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Համաժողով-ցուցահանդեսը հայ-հնդկական կապերը խորացնելու հիանալի առիթ է. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան

Համաժողով-ցուցահանդեսը հայ-հնդկական կապերը խորացնելու հիանալի առիթ է. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան

Երևանում այսօր մեկնարկել է «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, դեղագործական ոլորտի մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներ։ 


Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալն իր խոսքում նշել է, որ հնդկական դեղագործական ընկերությունները Հայաստանի գործընկերների հետ համագործակցության խորացման մեծ ներուժ են տեսնում, իսկ համաժողով-ցուցահանդեսը Հնդկաստանի և Հայաստանի միջև դեղագործության ոլորտի կապերը խորացնելու և ընդլայնելու, նոր կապեր հաստատելու հիանալի առիթ է, որը պատշաճ կօգտագործվի ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների կողմից։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին, մաղթել է արդյունավետ համագործակցություն՝ առաջարկելով դիտարկել Հայաստանը որպես ներդրումներ կատարելու և համատեղ ընկերություններ հիմնելու համար գրավիչ երկիր։ Նա նաև ավելացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործում է ներդրումների աջակցության կենտրոն, որը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել բոլոր հնդկական ընկերություններին, որոնք նախատեսում են ներդրումային գործունեություն ծավալել Հայաստանում:

«Գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է։ Ներդրումների մասին խոսելիս պետք է նշել, որ Հայաստանը որդեգրել է բաց դռների քաղաքականություն արտասահմանյան ներդրողների նկատմամբ և բացի տեղական շուկայից, ՀՀ կառավարությունը   հնարավորություններ է ստեղծում, որպեսզի տեղական գործարարները մուտք ունենան ավելի մեծ շուկաներ»,-նշել է Վ․Սիմոնյանը: 

Գործարար համաժողով-ցուցահանդեսին ներկայացվել են Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները։ Միջոցառման ընթացքում կազմակերպվել են B2B ձևաչափի հանդիպումներ՝ ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների միջև։

 

  • Կիսվել: