երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացման հարցը

Էկոնոմիկայի նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։

Ինչպես տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը։

Գևորգ Պապոյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

  • Կիսվել: