հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չինաստանից հիմնականում ներմուծվում է կոշկեղեն և ռետինե անվադողեր. ՊԵԿ նախագահ

Չինաստանից հիմնականում ներմուծվում է կոշկեղեն և ռետինե անվադողեր. ՊԵԿ նախագահ

ԵԱՏՄ երկրները և Չինաստանը համաձայնություն են ձեռք բերել, որի համաձայն առաջին փուլում, ԵՏՄ պլատֆորմի շրջանակում գործող պորտալի շնորհիվ, կողմերը տեղեկություններ են փոխանակում 10 անուն արտադրանքի վերաբերյալ, այսօր ԱԺ Եվրասիական և տարածաշրջանային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նշենք, որ քննարկվում էր «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և միջազգային փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունների փոխանակման մասին» համաձայնագրի վավերացման հարցը: Անանյանը հստակեցրեց, որ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր իր համար ընտրել է արտադրանքի 2 տեսակ, որոնցով Չինաստանի մաքսային ծառայությունից տեղեկություններ ստանալու հույս ունի: «Հայաստանն իր համար ընտրել է կոշիկի և անվադողերի մասին տեղեկությունները, քանի որ 2019 թվականին մեր երկիր ավելի մեծ թվով ներմուծում է իրականացվել հենց այս արտադրանքի գծով»,- պարզաբանեց Անանյանը:

Հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմանը, թե Հայաստանը Չինաստանից պետք է ավելի շատ տեխնիկական սարքավորումներ ներմուծեր, Անանյանը արձագանքեց. «Այո, ճիշտ եք, որ Չինաստանից երևի թե առավելապես սարքավորումներ պետք է ներմուծեինք, բայց բիզնենսն ինքն է որոշում այս կամ այն ապրանքը որ երկրից ներմուծի: Խոշոր ներմուծման տասը ապրանքախումբը, որ նայում ենք, տեխնոլոգիական սարքավորումներ կան, որ ներմուծվում են: Բայց, ցավոք սրտի, առաջին երկու տողերը վերավաճառքի նպատակով ներմուծված ապրանքներն են՝ կոշկեղենը և օդաճնշման ռետինե անվադողերը, հետո՝ հանքանյութ լվալու սարքավորումներ, հագուստ, տրիկոտաժ, մոնիտորներ, դիոդային տրանզիստորներ, հեռախոսային ապարատներ և այլն»:

ց:

  • Կիսվել: