շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօր նշվում է Ջրի համաշխարհային, իսկ Հայաստանում՝ Ջրաբանի օրը

Այսօր նշվում է Ջրի համաշխարհային, իսկ Հայաստանում՝ Ջրաբանի օրը

Յուրաքանչյուր տարի մարտի 22-ին աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Ջրային պաշարների համաշխարհային օր կամ Ջրի համաշխարհային օր: Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարն առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992 թվականի հունիսին Ռիո դե Ժանեյրոյում, իսկ 1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ մարտի 22-ը հռչակվել է Ջրի համաշխարհային օր, և առաջարկվել է այդ օրն անցկացնել միջոցառումներ՝ նվիրված ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը, և յուրաքանչյուր տարի միջոցառումը նվիրել որևէ կոնկրետ թեմայի:
 
2022 թվականից այս օրը Հայաստանում նշվում է նաև որպես Ջրաբանի մասնագիտական օր:
 
Օրը հիանալի հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու ջրի նշանակությունն ու կարևորությունը մեր կյանքում, մեր առողջության և մեր մոլորակի բարեկեցության համար, ուշադրություն հրավիրել ջրային ռեսուրսների կայուն կառավարման հետ կապված մարտահրավերներին:
 
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ օրվա խորհրդի համատեքստում նախարարությունը Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպել էր Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում և «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության արդի լուծումներ» թեմայով էքսպո-ցուցահանդես, որին մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից և հասարակական ոլորտից։
 
Ողջույնի խոսքով հանդես են եկել շրջակա միջավայրի նախարարը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը։
 
Նախարարը նախ շնորհավորել է գործընկերներին և միջոցառման մասնակիցներին Ջրի համաշխարհային և Ջրաբանի օրվա առթիվ, ապա անդրադարձել նախարարության կողմից ոլորտը կարգավորող օրենսդրական և կառավարչական բարեփոխումներին։
 
Ելույթներին հաջորդել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցչի զեկույցները, որոնք ներկայացրել են՝
 
ջրային օրենսդրության և ջրային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխումները.
 
կլիմայի փոփոխության ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա.
 
ջրային ռեսուրսների որակի բարելավման վերաբերյալ առկա օրենսդրական դաշտը.
 
ջրային ռեսուրսների խնայողության և կառավարման մեխանիզմները.
 
տեսչական ոլորտում իրականացված վերահսկողական աշխատանքները և արձանագրված արդյունքները։
 
Կատարած բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր և հուշանվերներ են շնորհվել նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին, ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանին, ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանին և նախարարության ջրային ոլորտի մասնագիտական ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների։
 
Միջոցառման երկրորդ հատվածում ամփոփվել են «Շրջակա միջավայրի և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ, «Հայաստանում հաղորդակցման և իրազեկման բարձրացում» գործողությունների շրջանակներում «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի ներքո, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ կազմակերպված «Ջրային ռեսուրսների պահպանումը և կառավարումը երիտասարդների աչքերով» մրցույթը, լավագույն տարբերանշան և ինֆոգրաֆիկա պատրաստած աշակերտները խրախուսվել են պատվոգրերով և հուշանվերներով։ Հաղթող աշակերտների ներկայացրած դպրոցներին նվիրվել է Հայաստանի կենդանական և բուսական աշխարհի «Կարմիր գիրք», ինչպես նաև աշակերտները հնարավորություն են ստացել իրենց հուզող հարցերն ուղղել Շրջակա միջավայրի նախարարին։
 
Միջոցառումը եզրափակվել է «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության արդի լուծումներ» թեմայով էքսպո-ցուցահանդեսով, որի ընթացքում ներկայացվել են ջրախնայող տեխնոլոգիաներ, ջրի մոնիթորինգի գործիքներ, ինչպես նաև ոլորտի գիտական/ակադեմիական նորարար լուծումներ։

  • Կիսվել: