Աճառյան-53 հասցեում կառուցվող շենքում հանրային ծառայողներին կհատկացվի 1000 բնակարան եւ 700 ավտոկայանատեղի
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում հաստատեց հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկ՝ Երևանի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
Ծրագիրը դիտարկվել է նպատակահարմար և իրագործելի, որի հիման վրա էլ մշակվել է նախագիծը: Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է բաշխել թվով 1000 բնակարան և թվով 700 ավտոկայանատեղի:
Նախագծի նպատակն է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներումբնակարանի ձեռքբերման հասանելիություն ապահովել շուրջ 1000 հանրային ծառայողի համար և սույն նախագծով կանոնակարգվում է ծրագրի շրջանակներում շահագործման հանձնվող գույքերի վաճառքի հետ կապված հարցերը: