շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առողջապահության հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Առողջապահության հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 22-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Կառավարության հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է մեր երկրում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, որը նպաստելու է Հայաստանում բժշկական օգնության որակի բարձրացմանը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում փաթեթում իրականացված փոփոխություններն արդյունք են հանձնաժողովի հետ համատեղ անցկացված աշխատանքային քննարկումների:

«Լրամշակված նախագծում, բացի խմբագրական որոշ փոփոխություններից, կատարվել են նաեւ բովանդակային փոփոխություններ: Նախատեսվել է առանձին դրույթ, ըստ որի` անձը կարող է ունենալ մեկից ավելի գործող անհատական լիցենզիա, եթե բավարարում է սույն օրենքով սահմանված պահանջները, եւ դրանց հիման վրա մասնագիտական գործունեություն է իրականացնում»,- տեղեկացրել է նախարարը: Ըստ նրա` սահմանվել է դրույթ, որի համաձայն` անհատական լիցենզիա ստանալու համար կենտրոնացված քննություն կիրականացվի հետբուհական կրթական ծրագրերի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ավարտից հետո` լիազոր մարմնի կողմից ձեւավորված լիցենզավորող հանձնաժողովի կողմից: Վերանայվել են Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի գործառույթները` հաշվի առնելով բուժաշխատողների ռեգիստրի գործարկման հանգամանքը եւ անհատական լիցենզավորման ինստիտուտի ներդնումը:

«Բուժաշխատողների ռեգիստրում ընդգրկվել են ավագ, միջին բուժաշխատողները, կլինիկական օրդինատորներն ու ռեզիդենտները. կրտսեր բուժաշխատողները դեռ չեն ընդգրկվել»,- հայտնել է զեկուցողը:

««Դեղերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթով կարգավորվելու են գովազդի, դեղերի շրջանառությամբ փորձագիտական գործունեություն իրականացնելու հետ կապված լիազորող նորմերը:

 

Ըստ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի` առաջին ընթերցումից հետո նախաձեռնության վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ եւ դիտողություններ: «Դրանք աշխատանքային կարգով քննարկվել են եւ ամբողջությամբ իրացվել»,- նշել է զեկուցողը եւ միայն մեկ դրույթի իրացման մեխանիզմները հետագայում քննարկելու առաջարկությամբ հանդես եկել: Դրույթը վերաբերում է արտակարգ իրավիճակներում նախարարության` չգրանցված դեղորայքի ներկրման թույլատրությանը:

Նարեկ Զեյնալյանը, կարեւորելով նախարարության համար նախատեսված վերոնշյալ գործառույթը, նշել է. «Արտակարգ իրավիճակներում կարող են լինել այնպիսի հանգամանքներ, որ պետությունում որոշակի դեղերի կարիք լինի: Օրինակ` համավարակի ժամանակ նման խնդիր ունեցել ենք, եւ սա կարեւոր դրույթ է»: Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, որ իր առաջարկն է եղել թույլատրել այնպիսի դեղերի ներկրումը, որոնց կարիքը պայմանավորված է տվյալ արտակարգ իրավիճակով:

Ի պատասխան` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ նախաձեռնությամբ իրացվել են կարիքի գնահատման մեթոդաբանությունը եւ առաջարկը: Առողջապահության նախարարությունը գնահատելու է ամեն արտակարգ իրավիճակով պայմանավորված դեղորայքի ներկրման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ` արդյո՞ք շուկայում առկա են այդ դեղամիջոցները, եւ գրանցված տարբերակ ունեցող ներկայացուցչությունները պարտավորվելու են ապահովել շուկայում այդ դեղորայքը: «Միայն դրանից հետո թույլատրվելու է արտակարգ իրավիճակով պայմանավորված չգրանցված տարբերակների ներմուծումը»,- մանրամասնել է Անահիտ Ավանեսյանը` հավելելով` արտակարգ իրավիճակների ժամանակ դժվար է գնահատել կարիքի քանակական չափորոշիչը:

 

Առաջիկայում քննարկված հարցի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն մշակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա «կենսաբանական մահ» հասկացությունը, ինչպես նաեւ կսահմանվի օրենսդրական հիմք` լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար:

Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո բովանդակային փոփոխություններ չեն կատարվել:

Նարեկ Զեյնալյանն առաջարկել է լիազորություն տալ Կառավարությանը սահմանելու օրգանների պահպանման եւ տեղափոխման կարգը: Առաջարկն ընդունվել է:

Հանձնաժողովը հավանության է արժանացրել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունները:

  • Կիսվել: