երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտահարկի փոխհատուցում կատարել

Առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտահարկի փոխհատուցում կատարել

Գործադիրը փոփոխություն է առաջարկում Հարկային օրենսգրքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները չեն հանդիսանում նվազեցվող եկամուտներ եւ ենթակա են հարկման եկամտային հարկով: Խրախուսելու համար առեւտրային կազմակերպություններում վերաներդրումների կատարումը եւ կապիտալացման մակարդակի բարձրացումը մի կողմից եւ մյուս կողմից բիզնեսի գծով հարկերը պահպանելու համար հնարավորինս մրցունակ մակարդակում գործուն հնարավորություն է ստեղծվել, որ կազմակերպությունների շահաբաժին ստացող մասնակիցները շահաբաժնից պահված եկամտային հարկի վերադարձի հնարավորություն ունենան այն պարագայում, երբ առնվազն հարկի չափով կատարում են վերաներդրումներ:

 

Արման Պողոսյանի տեղեկացմամբ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ համակարգից ոչ միշտ են օգտվում այնպիսի կազմակերպությունների բաժնետերեր ու մասնակիցներ, որոնք բնութագրվում են կարգապահության անհրաժեշտ մակարդակով: Այս տրամաբանությամբ առաջարկվում է շահաբաժնից պահված եկամտային հարկը հետ ստանալու հնարավորություն ընձեռել միայն այն կազմակերպությունների բաժնետերերին կամ մասնակիցներին, որոնք ունեն հարկային կարգապահության բարձր մակարդակ (այդ հարկը հետ ստանալու դիմումի ներկայացման եւ դրան նախորդող հարկային տարվա ընթացքում չեն ունեցել այս նախագծով առաջարկվող իրավախախտումները):

 

Դրանք վերաբերում են ՀԴՄ-ների կիրառության կանոնները խախտելուն, աշխատողի` աշխատանքի ընդունումն օրենսդրորեն չձեւակերպելուն, լիցենզավորման կամ ծանուցման կամ թույլտվության ենթակա գործունեության տեսակներն առանց լիցենզիայի ծանուցման թույլտվության իրականացնելուն, անապրանք փաստաթղթեր դուրս գրելուն, առաքվող կամ տեղափոխվող փաստաթղթերն առաքման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթերով չապահովելուն: «Օրենքում կա կարեւոր նկատառում այն մասին, որ այս իրավախախտումները կամ դրանց հիքմում դրված վարչական կամ ստուգման ակտերն անբողոքարկելի դարձած լինեն:

Այսինքն` եթե տնտեսավարողը համաձայն չէ այդ ստուգման կամ վարչական ակտով նկարագրված իրավախախտման հիմքերի հետ ու բողոքարկել, վիճարկել է այդ ակտը, ապա անկախ այն հանգամանքից, որ այդ ակտը կարող է բողոքարկման ավարտին թողնվել ուժի մեջ, եթե այդ ընթացքում մասնակիցը հասցրել է հետ ստանալ շահաբաժնից ստացած եկամտային հարկը, ապա այն վերականգնման ենթակա չէ»,- պարզաբանել է Ֆինանսների փոխնախարարը: Նա հավելել է, որ նախագիծը տեւական ժամանակ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ներկայացվել է լրամշակված տարբերակը: Այդ քննարկումներն այժմ էլ շարունակվում են:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին ի պատասխան` Արման Պողոսյանը մանրամասնել է արտոնության շրջանակը: Ըստ նրա` այս միջամտությունը պետք է ընկալվի պետություն-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների տրամաբանության մեջ. պետությունն օժանդակում է ներդրողին, վերջինս էլ հանձնառու պետք է լինի կարգապահ վարքագիծ դրսեւորել: Փոխնախարարը տեղեկացրել է. «Այս տարիների ընթացքում, եթե 2017-2018 թվականներին շարունակաբար նայելու լինենք, շահաբաժիններից հավաքագրվել է շուրջ 66-67 մլրդ դրամ եկամտային հարկ, որի 55 տոկոսը` մոտավորապես 35 մլրդ դրամը, վերադարձվել է այս համակարգի ներքո: Շահառուների թվաքանակը տարեցտարի փոփոխվում է, բայց շուրջ 4500-5000 մասնակցի մասին է խոսքը: Վճարված հարկի շուրջ 55 տոկոսը վերադարձվում է այս 4500-5000 մասնակցին»: Նա ընդգծել է, որ շատերի մոտ կան ՀԴՄ-ների շահագործման, աշխատողի` աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցելու դեպքեր: «Մենք լիահույս ենք, որ եթե վերջնական ընդունվի նախագիծն այդ խախտումների ներառմամբ, ապա նաեւ նրանց վարքագիծը կփոխվի»,- փաստել է զեկուցողը:

Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ հանձնաժողովում մի քանի հայեցակարգային կետերի շուրջ եկել են համաձայնության: Ըստ նրա` այս հնարավորությունից օգտվող ընկերություններին ավելի կարգապահ դարձնելու եւ հարկային խախտումներ թույլ չտալու համար պետք է չափանիշները հստակ լինեն եւ այնպես չլինի, որ ստուգման ենթարկվող բոլոր ընկերություններն ընկնեն այս սահմանափակումների տակ: «Այսինքն` այնպիսի պայմաններ դրված չլինեն, որ տասից մեկը կարողանա օգտվել այս համակարգից: Դրա համար առաջին ընթերցումից հետո իրավախախտումների մասով փոփոխություն ենք արել, թողել ենք միայն կոպիտ խախտումները: Այս մասով քննարկումները կշարունակվեն»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

Կվերանայվեն որոշ դեպքերում ոչ միտումնավոր կամ անփութության հետեւանք հանդիսացող խախտումները: «Պետք է հստակ լինի` եթե օրենքով սահմանված չափանիշները չեն բավարարվում, ապա դա պետք է վկայի այն մասին, որ այդ ընկերությունը բարեխիղճ տնտեսավարող չէ»,- ասել է Բաբկեն Թունյանը: Նրա գնահատմամբ նախագիծը չպետք է հետադարձ ուժ ունենա:

  • Կիսվել: