երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անցյալ տարի հաստատվել է համայնքների ներկայացրած 23,76 մլրդ դրամ ծավալով 483 սուբվենցիոն ծրագիր

Անցյալ տարի հաստատվել է համայնքների ներկայացրած 23,76 մլրդ դրամ ծավալով 483 սուբվենցիոն ծրագիր

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հունվարի 15-ին տեղի է ունեցել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են 2019 թվականին կայացած հանձնաժողովի 8 նիստերի ընթացքում հաստատված ծրագրերի իրականացման առաջընթացը և նախանշվել են առաջիկա անելիքները:

Անցյալ տարի համայնքների կողմից ներկայացված թվով 518 ծրագրային հայտերից հաստատվել են 483-ը՝ 23,76 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Ընդ որում, հաստատված ծրագրերի մասով ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 12,95 մլրդ դրամ:

Մի շարք ծրագրեր 2019 թվականին չեն ավարտվել, և Հանձնաժողովի որոշմամբ արդեն իսկ հաստատված ծրագրերը կշարունակվեն իրականացվել ընթացիկ տարում:

Քննարկվել են նաև համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության բարելավման հարցեր: Փոխվարչապետը շեշտել է, որ սուբվենցիոն ծրագրերի միջոցով անհրաժեշտ է նաև խթանող մեխանիզմներ ստեղծել համայնքներում, որպեսզի նոր ենթակառուցվածքներ ձևավորելիս կիրառվեն արդյունավետ և արդիական լուծումներ:

  • Կիսվել: