կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
ԱՄՆ-ն Հայաստանին 5.4 միլիոն դոլար օգնություն է ցուցաբերել համավարակը հաղթահարելու համար

ԱՄՆ-ն Հայաստանին 5.4 միլիոն դոլար օգնություն է ցուցաբերել համավարակը հաղթահարելու համար

Կորոնավիրուսային համավարակի հաղթահարման արտակարգ օգնության գլոբալ փաթեթի շրջանակներում ԱՄՆ կառավարությունը Հայաստանին ընդհանուր 5.4 միլիոն դոլար է տրամադրել: Այս մասին մայիսի 21-ին Ֆեյսբուքում ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին:

Ըստ նրա՝ այդ միջոցները ուղղված են լաբորատոր հնարավորությունների զարգացմանը եւ կորոնավիրուսով վարակված ամենածանր հիվանդների բուժմանը: «Սա մեր համագործակցության նոր ուղղություն չէ, քանի որ վերջին 20 տարվա ընթացքում USAID-ն Հայաստանին 106 միլիոն դոլար է հատկացրել  բժշկական օգնության մատչելիության եւ որակի բարելավման համար: Բացի այդ, Գործակալության ջանքերով աշխատանքներ են տարվել գյուղական բնակավայրերում ամբուլատոր հնարավորությունները 2/3-ով վերականգնելու ուղղությամբ: Բժշկական ծառայություններ մատուցելու մակարդակի բարելավման ոլորտում դեռեւս 2019-ի հոկտեմբերին USAID -ն, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ համատեղ, մի շարք աշխատանքներ էր իրականացրել՝ արտակարգ իրավիճակներում բժշկական ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման համար, եւ, ինչպես պարզվեց՝ ժամանակին»,- հավելեց նա:

Դեսպանը նշեց, որ աշխատանքներ են տարվում նաեւ բոլոր մարզերում բնակչության խոցելի հատվածների հետ: «Մասնավորապես, Հայաստանի ամբողջ տարածքում 8000 ընտանիքի սնունդ եւ հիգիենայի պարագաներ են տրամադրվել: Բացի այդ, 1.2 միլիոն դոլար կուղղվի փոքր բիզնեսի զարգացմանը մարզերում»,- ասաց Թրեյսին:

Դիվանագետը հավելեց, որ դեսպանատունն ակտիվորեն աշխատում է ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ միջազգային այլ գործընկերների հետ:

  • Կիսվել: