ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
50 եվրոյով Հռոմ գնալը նաև աշխարհընկալումը փոխելու հնարավորություն է. Ատոմ Ջանջուղազյան

50 եվրոյով Հռոմ գնալը նաև աշխարհընկալումը փոխելու հնարավորություն է. Ատոմ Ջանջուղազյան

Գնումների օրենսդրությունն ամբողջությամբ փոխելու առաջարկ մենք չեն ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարի խոսքով, եթե խոսվում է գնումների վերաբերյալ օրենսդրությունն ամբողջությամբ փոխելու մասին, ապա պետք է սեղանին դրվի այն առաջարկների փաթեթը, որը ցույց կտա, թե ինչն են ուզում փոխել և ինչով:

«Մենք շրջանառության մեջ ենք դրել մի նախագիծ, որի վերաբերյալ ստացել ենք առաջարկներ թե հանրային սեկտորի ներկայացուցիչներից, թե պետական կառավարման մարմիններից, թե հասարակական կազմակերպություններից: Կամփոփենք, կներկայացնենք քննարկման և որոշումներ կկայացնենք: Այնպես որ, մենք ամենևին հակված չենք կատեգորիկ հայտարարել, որ այն, ինչ ունենք, կատարյալ է և ոչ մի բան պետք չի փոխել: Ճիշտ հակառակը՝ մենք փորձում ենք ձեռքներս պուլսի վրա պահել, որպեսզի համարժեքորեն արձագանքենք այն ազդակներին, որ ստանում ենք միջավայրից և ըստ դրա լավագույնը դարձնենք մեր գնումների համակարգի կարգավորումները»,- ընդգծեց նա։

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝  մարդկանց կյանքը լավացել է, տնտեսական առաջընթաց է գրանցվել, իսկ որպես օրինակ մատնանշում է 50 եվրոյով Հռոմ մեկնելու փաստը, Ատոմ Ջանջուղազյանն ասաց՝ շատ օրինաչափ է, որ մարդիկ տարբեր տեսակետներ են հայտնում. «Չի կարող այնպես լինել, որ որևէ իրադարձության, երևույթի վերաբերյալ լիներ համատարած մեկ միասնական ընկալում։ Հիմա եթե հարցն այն է, թե արդյոք 50 եվրոյով Հռոմ գնալը հնարավորություն է, թե ոչ, ապա միանշանակ հնարավորություն է։ Արդյոք դա հնարավորություն է փոխել նաև ինչ-որ տեղ աշխարհընկալումը, աշխարհայացքը, արժեքային համակարգի վերաբերյալ մտորումներ ունենալ, վերցնել այն, ինչը լավն է, տեսնել այլ ստանդարտներ, որոնցով մարդիկ ապրում են և ձգտել դրան, թե ոչ, սա հնարավորությո՞ւն է, թե՞ ոչ, ապա համոզված եմ, որ հնարավորություն է»:

 

  • Կիսվել: