երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 2023-ից  ներմուծման և արտահանման հետ կապված մաքսային ձևակերպումները  կիրականացվեն Գյումրիում

2023-ից ներմուծման և արտահանման հետ կապված մաքսային ձևակերպումները կիրականացվեն Գյումրիում

2020 թվականի հունիս-հուլիսից արտահանման բոլոր ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։

ՊԵԿ փոխնախագահը նաև նշեց, որ նախատեսվում է մինչև 2023-ի վերջ Գյումրիում իրականացնել արդեն բոլոր մաքսային ձևակերպումները՝ կապված ապրանքների ներմուծման և արտահանման հետ:

Շուշանիկ Ներսիսյանը տեղեկացրեց, որ Գյումրիի մաքսատանը 2019 թ-ի հոկտեմբերին միջինը ձևակերպվել է մոտ 200 մեքենա, նոյեմբերին այդ թիվը հասել է միջինը 500-ի, իսկ դեկտեմբերին այդ թիվը օրական հասել է մոտ 1000 ավտոմեքենայի:

Ըստ նրա, նախնական ստորագրվել է մոտ 4500 հայտարարագիր, որից մոտ 3800-ը մաքսազերծվել է հունվարին, իսկ փետրվարի 13-ի դրությամբ մոտ 80-85 ավտոմեքենա է ձևակերպվել նոր դրույքաչափերով:

«Չհայտարարագրված որոշակի քանակով ավտոմեքենաներ կան ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից  դուրս, որոնք պետք է գային, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հասել: Հիմա տարբեր օղակներով փորձում ենք զբաղվել, տեսնենք` կարողանալո՞ւ ենք օգնել այդ մարդկանց»,- նշեց նա։

  • Կիսվել: