չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը «Գազպրոմ Արմենիայի» վրա է, կկրճատվի 600 աշխատակից. «Գազպրոմ Արմենիա»

ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը «Գազպրոմ Արմենիայի» վրա է, կկրճատվի 600 աշխատակից. «Գազպրոմ Արմենիա»

ՀՀ կառավարությունը ՀՀ սահմանին բնական գազի բարձրացված գնի դիմաց չի վճարում: Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

 

«2019 թ. հունվարի 1-ից ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման և սպառողների համար գազի սակագինը անփոփոխ թողնելու արդյունքում առաջացած ֆինասական ողջ բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, հետևաբար, այդ մասով Հայաստանի Հանրապետության  համար որևէ պարտավորություն չի առաջացել»,- նշված է հարցման պատասխանում:

Ընկերությունից հայտնում են, որ ՀՀ սահմանին բնական գազի գնի բարձրացումը փոխհատուցվել է 2019 թ. ներդրումային աշխատանքների և պլանավորվող ներդրումների կտրուկ իջեցման, ընթացիկ և կապիտալ նորոգման ծախսերի նվազեցման ու այլ ծախսերի կրճատման հաշվին: Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև ՀՀ գազասպառողների կողմից բնական գազի սպառման աճը:

Հարցին, թե 2019 թ. ընթացքում ընկերությունում քանի՞ աշխատակից է կրճատվել, «Գազպրոմ Արմենիայից» պատասխանել են. «2019թ. Ընկերության կողմից աշխատանքներ են տարվել կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Ինչ վերաբերում է 2020թ. աշխատողների թվաքանակի կրճատմանը, ապա այն պետք է կատարվի փուլային. առաջին փուլում նախատեսվում է կրճատել շուրջ 600 աշխատակից»:

Հիշեցնենք, որ 2019-ի հունվարի 1-ից գազի գինը Հայաստանի սահմանին բարձրացվեց 15 դոլարով՝ 1000 խմ համար դառնալով 165 դոլար, բայց բնակիչների համար այն չթանկացավ: Փորձագիտական շրջանակներում մտահոգություններ կային, որ սահմանին բարձրանալուց և բնակիչների համար գազի սակագինը անփոփոխ մնալուց հետո 2019 թ. ընթացքում կուտակվել է մոտ 30 մլն դոլարի պարտք:

  • Կիսվել: