շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տավուշի մարզում զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի

Տավուշի մարզում զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տավուշի մարզում զինվորական դատախազության նստավայրի տեղակայման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով, նոյեմբերի 28-ին, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորում:

Գլխավոր դատախազը զորամիավորման հրամանատար Ալեքսանդր Ցականյանի հետ զրույցում քննարկել է բանակում կարգապահության, զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, բանակում հանցագործությունների կանխարգելման և այս համատեքստում զորամիավորման ու կայազորի զինվորական դատախազության միջև արդյունավետ փոխգործակցության ապահովման հետ կապված մի շարք հարցեր:

Աննա Վարդապետյանը շրջայց է կատարել զորամիավորման տարածքում, այցելել սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող օպերատիվ կառավարման կենտրոն, կորպուսի հատուկ նշանակության գունդ, այնուհետև՝ N մարտական դիրք, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:

Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի, Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանի և Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում զինվորական դատախազության նստավայրի տեղակայման մանրամասները:

  • Կիսվել: