շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՀՀ պաշտպանության փոխնախարար

Սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՀՀ պաշտպանության փոխնախարար

Սահմանին այս պահին հարաբերականորեն կայուն է։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
 
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնական այցի, նա նշեց, որ այդ մասին շուտով համապատասխան տեղեկատվություն կտրամադրեն։
 
«Ամեն ինչի մասին շուտով կտեղեկանաք»– ավելացրեց նա։
 
Անդրադառնալով ադրբեջանա–թուրքական` այս պահին անցկացվող զորավարժություններին և դրանով պայմանավորված հնարավոր սպառնալիքներին, ապա Սարգսյանը վստահեցրեց, որ որևէ տեղեկատվություն պաշտպանական գերատեսչությունը չի թաքցնում կամ խուսանավում։
«Ինչ լինի, մենք պարբերաբար ամեն ինչի մասին կտեղեկացնենք։ Մեր տեղեկատվական ամփոփագրերում մենք ամեն ինչ տալիս ենք` սկսած խախտումներից, ապակայունացնող քայլերից»,– հավաստիացրեց փոխնախարարը։
 
Արդյոք ՌԴ–ից նախատեսված մատակարարումները շարունակվո՞ւմ են հարցին` Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ` նշելով, թե «արդեն աշխարհաքաղաքական հարցերի շրջանակն են մտնում»։
 
«Այդ հարցերով մի շարք անգամներ տարբեր պաշտոնատար անձինք խոսել են, ու ես որևէ բան չավելացնեմ»,– ավելացրեց նա։
 
Արցախցի զինվորականներին ՀՀ բանակում ներգրավելու մասին հարցին Արման Սարգսյանը պատասխանեց` ընդգծելով, որ ինքն ասել է, որ ցանկալի կլինի, որ նրանք ներգրավվեն հայկական զինված ուժերում, սակայն այս պահին այդ ուղղությամբ քննարկումներ ու աշխատանքներ չեն տարվում։
 

  • Կիսվել: