շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Մենք եւ՛ պետական համակարգում, եւ՛ բանակում էլ անում ենք կտրուկ գործողություններ եւ մոտ ենք ավարտին․ Փաշինյան

Մենք եւ՛ պետական համակարգում, եւ՛ բանակում էլ անում ենք կտրուկ գործողություններ եւ մոտ ենք ավարտին․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում Զինված ուժերի հսկայածավալ բարեփոխումներ են տեղի ունենում, այդ թվում՝ բարեփոխումներ են նաեւ միջազգային փորձն ուսումնասիրելով։ Այս մասին այսօր ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ բանակում չեն կիրառում զարգացած երկրների մոդելները։

«Մենք վերջերս ներդրել ենք նաեւ 24-օրյա վարժական հավաքների մեխանիզմը, որի նպատակներից մեկը եթե այդպես արտահայտվենք ինչ-որ առումով շվեցարական մոդելի ուղղությամբ գնալն է։ Մենք հիմա ատեստավորման գործընթացով էականորեն բարձրացնում ենք զինվորականների աշխատավարձը, որպեսզի մեր զինվորականներն անցնեն այդ ճանապարհը։ Այստեղ էլ խնդիր կա, ասում են՝ ինչո՞ւ միանգամից աշխատավարձը չեք բարձրացնում, որովհետեւ ուզում ենք համոզված լինել, որ այն զինվորականները, որոնց ուսերին մենք դնում ենք պետության անվտանգությունը պահպանելու պարտավորություն, իրենց ուսերին կարող են կրել այդ բեռը։ Մենք չենք ուզում փակ աչքերով բարձրացնել աշխատավարձ։ Մենք ուզում ենք, որ դրանում հանրությունն էլ վստահ լինի, որ եթե պետությունը վստահել է ինչ-որ մեկին՝ պահպանել երկրի անվտանգությունը, այդ զինվորականը կարող է կրել այդ պատասխանատվությունը։ Մեր դառը փորձը ցույց է տվել, որ լինում են դեպքեր, երբ զինվորականի գործը չգիտեն։ Սրանով մենք ընդգծում ենք այն զինվորականների արժեքը, եւ առանձնահատուկը գնահատանք ենք տալիս նրանց, որոնք եւ՛ բարոյական, եւ՛ ֆիզիկական, եւ՛ ինտելեկտուալ կարողություններ ունեն»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ինքը չի խոսում այն բոլոր պայմանագրերի մասին, որոնք վնասում են երկրի տնտեսությանը, ենթակառուցվածքները, անվտանգությանը, Փաշինյանը պատասխանեց․ «Մեր քաղաքականությունները պետք է հիմնված լինեն ավելի շատ Հայաստանի պետական շահերի վրա։ Համոզված եղեք, եթե կլինի եզրակացություն, որ այս կամ այն որեւէ պայմանագիր չի համապատասխանում Հայաստանի շահերին, մենք չենք երերա եւ կգնանք նաեւ այդ ճանապարհով»։

Հարցին՝ ինչո՞ւ պետական ապարատը չի մաքում այն անձանցից, որոնք վտանգ են ներկայացնում երկրի անվտանգությանն ու տնտեսությանը, Փաշինյանն արձագանքեց․

«Պետական համակարգը շատ մեծ է։ Այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները հաճախ միանգամից նկատելի չեն, բայց այդ փոփոխությունները տեղի են ունենում։ Շատ դեպքերում մենք կարող ենք ազատվել մարդկանցից, որովհետեւ այդ կատեգորիայի հետ կապված մեր վերաբերմունքը միանշանակ է, այո, նրանք պետք է դուրս բերվեն պետական-կառավարման համակարգից։ Կան նաեւ մարդիկ, ովքեր չարամիտ չեն, կամ հոգնած են, կամ նրանց հմտությունները ժամանակակից պայմաններին բավարար չեն, այո, նրանք կարող են չաշխատել։ Պետական համակարգում բազմաթիվ աշխատատեղեր կան, ինչու են թափուր, որովհետեւ գրավիչ չեն, աշխատավարձերը շատ ցածր են, եթե նույնիսկ մենք այս շխատատեղերում հնարավորություններ ենք ունենում մարդկանց ներգրավել, միշտ չէ, որ մենք կարողանում ենք այդ պաշտոնի համար անհրաժեշտ ամենաբարձր որակավորումն ունեցող մարդկանց ներգրավել, այդ թվում՝ ցածր աշխատավարձի պատճառով»։

Փաշինյանն ընգծեց, որ նախ պետք է բարձրացնել պետական համակարգում գրավչությունը․ «Ինչպես մեր կառավարությունը, պետական ինքնակառավարման մարմինները, միջազգային գործընկերները, հասարակական կազմակերպությունները կառավարեցին․ այդ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հարցերը լուծելիս, այսօր ողջ աշխարհն է զարմացած՝ ո՞նց է հնարավոր 1 շաբաթում 100 հազարից ավելի մարդ ընդունել՝ առանց փաստականների ճամբարների, վրանների, առանց փողոցներում քնող մարդկանց եւ այլն։ Իմ արձագանքը հետեւյալն է՝ մեր ժողովրդի մենթալիտետի առանձնահատկությունների շնորհիվ է, եւ ժողովրդավարական այն բարեփոխումների շնորհիվ, որոնք Հայաստանում մեծացրել են կառավարման որակը եւ արդյունավետությունը։ Մենք եւ՛ պետական համակարգում, եւ՛ բանակում էլ անում ենք կտրուկ գործողություններ, եւ մոտ ենք ավարտին»։

  • Կիսվել: