ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարևորել ենք ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը․ Պապիկյան

Կարևորել ենք ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը․ Պապիկյան

Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները Երևանում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: Մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում:

Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին»,- նշեց Պապիկյանը։

Նրա խոսքով՝ կարևորել են միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը:

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- եզրափակեց Պապիկյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։

Այնուհետև տեղի է ունեցել պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

  • Կիսվել: