շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչու՞ ենք ասում՝ Հայոց բանակ և չենք ասում՝ Հայաստանի Հանրապետության բանակ. Նիկոլ Փաշինյան

Ինչու՞ ենք ասում՝ Հայոց բանակ և չենք ասում՝ Հայաստանի Հանրապետության բանակ. Նիկոլ Փաշինյան

Նախորդ օրն իմ աչքին ընկավ մեր Բանակի օրվա հետ կապված էմբլեմը, ու հետո ես հիշեցի, որ մենք բոլորս չենք ասում Հայաստանի Հանրապետության բանակ, մենք ասում ենք Հայոց բանակ: Ու մենք չենք նկատում դա, հասկանում ենք, որ դա մեզ համար այնքան սովորական բան է: Այս մասին այսօր Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց տարբերությունը ո՞րն է: Մեզ համար դա խնդիր չէ, մեզ համար հենց այդպես էլ պետք է լինի: Բայց եկեք կողքից նայենք, ասենք, մի րոպե՝ Հայաստանի Հանրապետությունն ինչի՞ իր բանակը չի անվանում Հայաստանի Հանրապետության բանակ, այլ Հայոց բանակ, հայերի բանակ: Բայց, կներեք, հայեր կան ամեն տեղ. հայեր կան Թուրքիայում, հայեր կան Իրանում, հայեր կան Վրաստանում, ամեն տեղ: Այսինքն՝ մի րոպե, այս բանակն այն հայերի բանակն է, այն հայերի ինչի՞ն է պետք բանակը: Պատկերացրեցի՞ք: Լավ, ամենահեռու երկրի անունը տամ, որ բան չլինի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայերին բանակն ինչի՞ համար է պետք: Հասկանո՞ւմ եք, ընկալման ինստիտուցիոնալ մակարդակներ կան, որ երկրները բառերը, խոսույթները, գործողությունները, ժեստերն ընկալում են ինստիտուցիոնալ մակարդակով:

Եվ ի՞նչն է իմ ասածը: Իմ ասածը հետևյալն է, որ մենք պետք է կառավարենք մեր նկատմամբ գոյություն ունեցող ագրեսիվությունը, բայց նախ պետք է հասկանանք, թե ինչն է այդ ագրեսիվության պատճառը, որովհետև ես Ձեր փոխարեն լինեմ, կասեմ մի րոպե, Դուք տեսե՞լ եք, թե Ադրբեջանն ինչ է ասում, տեսե՞լ եք՝ Ադրբեջանն ասում է «Արևմտյան Ադրբեջան», «Զանգեզուրի միջանցք», «Երևանը ադրբեջանական քաղաք» և այլն: Այո, ես տեսել եմ և հասկանալիորեն, դա մեր օրակարգի անբաժանելի մաս է, բայց ես ասում եմ՝ եկեք մենք խոսենք մեզ հետ և մեր մասին, որովհետև երբ մենք մեզ հետ և մեր մասին խոսակցությունը կարողանանք ճիշտ հունի մեջ դնել, մեր այդ սպառնալիքները կառավարելու ընդունակությունն ու գործիքներն ավելի կմեծանա»,- ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ այսօր ունեցած ազգային անվտանգության ռազմավարությունը չի հասցեագրում այն հարցերը, որոնք կան. «Հիշում եմ ազգային անվտանգության ռազմավարության քննարկումները և իմ զգացողություններն այդ ռազմավարությունն ընդունելու ժամանակ: Այս, ինչ խոսեցինք, այն ժամանակ այս զգացողությունը, այս լարումը եռում էր մեր մտքերում, մեր գիտակցության մեջ: Բայց ակնհայտ է, որ մենք պետք է ունենանք ազգային անվտանգության նոր ռազմավարություն և ազգային անվտանգության մեր նոր ռազմավարությունը պետք է արտահայտի այդ իմ ասած բովանդակությունը, արտահայտի պետության լեգիտիմ տարածքային ամբողջականության շրջանակները և շահերը պաշտպանելու տրամաբանության մեջ: Օրինակ, ինքը, ճիշտ է, ուղիղ անվտանգային օրակարգում չի ընկալվում:

Այս վերջին շրջանում շատ ենք խոսում նաև պետության և պետական շահի մասին, հնչում է չէ՞ ու անընդհատ: Իմիջիայլոց, այս հակադրությունն էլ կա, որն ամենասուրն է արտահայտվում մեր լեզվամտածողության բերումով՝ ազգային շահ և պետական շահ, ազգ և ժողովուրդ:

Եվ, այս վերջին շրջանում նաև դրա մասին մի քանի անգամ հրապարակային արտահայտվելու առիթ եմ ունեցել: Օրինակ, տեսեք ասում ենք՝ մենք պետք է առաջնորդվենք պետական շահով: Իսկ պետական շահը ո՞րն է: Իմ մեկնաբանությունը, որը նաև ես պրակտիկայում, այսինքն՝ վարչապետի տեսակետից, այս բոլոր աղետների միջով անցնելով, ես վստահ չեմ կամ չեմ հավակնի բացարձակ ճշմարտություն կրողի դերին, բայց առաջարկում եմ, որ մենք այս թեման քննարկենք. ես եկել եմ այն համոզման, որ Հայաստանի պետական շահը Հայաստանի տնտեսական զարգացումն է և ընդհանրապես՝ զարգացումը, որովհետև այն, ինչ մենք խոսում ենք՝ բանակ, կրթություն, սահմանների անվտանգություն, ինքը կոնկրետ բյուջետային ծախս է:

Այո, տնտեսությունը նույն պատերազմական իրավիճակում շատ կարևոր է չէ՞՝ առաջնագիծ ով է հասնելու կամ թիկունքում մարդիկ աշխատելո՞ւ են, թե չէ:

Բայց պատերազմական վիճակում այդ պահին բացի փողից, որովհետև խնդիր կա չէ՞, ենթակառուցվածքները խոցվում են, դու պիտի կարողանաս մարդկանց, թիկունքի բնականոն գործունեությունը շատ թե քիչ ապահովես, ինքը ճակատի համար պետք է արտադրի ինչ-որ բաներ, սկսած հագուստից, վերջացրած առողջապահություն, դեղեր, սնունդ և այլն: Բայց այսօրվա իրավիճակում տնտեսական զարգացումն է Հայաստանի շահը, որովհետև տնտեսական զարգացմամբ է, որ դու ունենում ես ենթակառուցվածքներ և բյուջետային միջոցներ: Օրինակ՝ մենք զինվորականների աշխատավարձն ենք բարձրացնում: Ինչի՞ հաշվին պիտի բարձրացվի: Եթե պետական բյուջեում եկամուտ չկա՝ չես կարող զինվորականի և որևէ մեկի աշխատավարձը բարձրացնել, չես կարող զենք, զինամթերք ձեռք բերել, չես կարող կրթությունը ֆինանսավորել, որպեսզի զինվորականը, սպան պատշաճ կրթություն ունենա, բժիշկը, մեկը, մյուսը»,-ասաց նա:

  • Կիսվել: