հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
45 տարեկանից հետո զինծառայության անցած անձանց ստաժը կհաշվարկվի զինվորական կենսաթոշակ նշանակելիս

45 տարեկանից հետո զինծառայության անցած անձանց ստաժը կհաշվարկվի զինվորական կենսաթոշակ նշանակելիս

 Մի շարք նախկին զինծառայողներ խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը զինվորական կենսաթոշակ ստանալու հարցում: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Դիմումով քաղաքացիները տեղեկացրել են, որ տարիներ շարունակ զինված ուժերից արձակվելուց հետո Պաշտպանության նախարարությունը մերժել է զինվորական կենսաթոշակի նշանակումը՝ պատճառաբանելով, որ զինվորական ծառայության անցնելիս իրենց սահմանային 45 տարեկանը լրացած է եղել:

Բարձրացված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել Պաշտպանության նախարարություն:

Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը հաշվի առնելով, Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել  սահմանային տարիքը լրանալուց հետո փաստացի զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածը ևս օրացուցային հաշվարկով հաշվառել զինծառայողին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում:

Արդյունքում, զինծառայողների բարձրացրած համակարգային խնդիրը Պաշտպանի աջակցությամբ լուծում է ստացել: Ավելին, Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ զինվորական կենսաթոշակ են ստացել նաև նմանատիպ հարցով նախկինում մերժում ստացած քաղաքացիները:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցում:

  • Կիսվել: