երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Քաղաքապետարանը հերքել է քաղաքագետի գրառումը՝ ժայռապատկերների վտանգված լինելու մասին

Քաղաքապետարանը հերքել է քաղաքագետի գրառումը՝ ժայռապատկերների վտանգված լինելու մասին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ է սպառվում՝ տեղում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով:

Կարապետյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Քանի որ քաղաքացի Հրանտ Մելիք-Շահնազարյան-ի գրառման տակ մեկնաբանություն թողնելու հնարավորություն չունեմ, գրեմ էստեղ. Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում, հարցը վարչական շրջանի ղեկավարի անմիջական հսկողության տակ է:

Իսկ քարերի մոտակայքում գտնվող տարածքի շինարարության պատմությունը բավական բնորոշ է մեր իրողությանը: Տարածքի սեփականատերը անցած 1,3 տարվա ընթացքում մի քանի անգամ դմել է քաղաքապետարան՝ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ տարածքում շինարարության թույլտվություն ստանալու համար ():

Քանի որ փաստացի տարածքը մտնում է հանրային այգու մեջ, քաղաքապետը հրաժարվել է շինթույլտվություն տրամադրել: Սակայն տարածքի սեփականատերը դատարանի որոշմամբ կարողացել է ստանալ այդ թույլտվությունը, եւ հիմա սկսել է շինարարությունը: Ամեն դեպքում, շնորհակալություն օգտատիրոջը՝ մտահոգության համար»:

Հիշեցնենք, որ այսօր քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան, որոնք ոչնչացման վտանգի տակ են։ «Այսօր իմացա, որ հենց կողքը շինարարություն է ընթանում և շենքի կառուցման համար փորված փոսի հողն ու քարերը լցվում են հենց այդ ժայռապատկերների վրա։ Կողքն էլ շինտեխնիկա է աշխատում, որը նույնպես վտանգում է պատմական այդ հուշարձանները»,-նշել էր նա:

  • Կիսվել: