«Մեղու» մրցույթը վերադառնում է նոր մոդելով՝ մեծացնելով դպրոցների դերն ու բացելով նոր հնարավորություններ սովորողների համար
«Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթում «Այբ» կրթական հիմնադրամը ներդնում է նոր՝ դպրոցների բաժանորդագրության մոդել։ Այս մասին հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամից, նշելով, որ նպատակն է Հայաստանի, Արցախի և սփյուռքի աշակերտների, ուսուցիչների և դպրոցների համար ավելի մեծ հնարավորություններ ապահովել։
Բաժանորդագրության մոդելին զուգահեռ պահպանվելու է անհատական գրանցումը։ Դա հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին, անկախ նրանց դպրոցի բաժանորդագրությունից, անմասն չմնալու կրթական տոնից, գնահատելու սեփական կարողություններն ու սահմանելու կրթական գերազանցության նոր նշաձողեր։
Դպրոցների բաժանորդագրության փուլն արդեն բաց է։ «Այբ»-ի մրցույթների էջում հասանելի է բաժանորդագրության համար անհրաժեշտ ողջ տեղեկությունը։ Անհատական գրանցումը մեկնարկելու է բաժանորդագրության փուլի ավարտից հետո՝ նոյեմբերին։ Մրցույթը ծրագրված է անցկացնել դեկտեմբերի վերջին։ Գրանցման ընթացքին և թարմացումներին հետևելու համար մրցույթի նախաձեռնող «Այբ» կրթական հիմնադրամը բացել է վայբերյան խումբ Ayb Educational Foundation վերտառությամբ։
«Մեղու» մրցույթը, ժամանակակից առցանց թեստերի իր գործիքակազմով, հայոց լեզվի և տրամաբանության շուրջ է համախմբում սովորողներին և միավորում մտքի զարգացման համընդհանուր օրինաչափությունը հայերենի ճանաչողական նպատակների հետ։ 2014–ից «Մեղուն» այս առաքելությամբ անցկացվում է ՀՀ և Արցախի, իսկ 2019-ից՝ սփյուռքի 3-12-րդ դասարանների աշակերտների համար։