երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Lույս է տեսել  «Արամ Խաչատրյան» անգլալեզու պատկերազարդ նոր ժողովածու

Lույս է տեսել «Արամ Խաչատրյան» անգլալեզու պատկերազարդ նոր ժողովածու

Լույս է տեսել «Արամ Խաչատրյան» անգլալեզու պատկերազարդ ժողովածուն: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից հայտնում են, որ Արամ Խաչատրյանի 120-ամյակի կապակցությամբ հրատարակված այս ժողովածուն ամփոփում է աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքը, նրա ստեղծագործական գործունեությունը, շրջագայություններն ու համերգները, ինչպես նաև հանդիպումները մեծանուն մարդկանց հետ:

Այն գրված է առաջին դեմքով. Մաեստրոն ինքը իր խոսքերով է ներկայացնում իր կյանքի պատմությունը: Գրքում ընդգրկված են կոմպոզիտորի մտորումներն ու թևավոր խոսքերը, ասույթներ նրա մասին, արտերկրի երաժիշտների և մամուլի արձագանքները, հատվածներ նամակներից, ինչպես նաև բազմաթիվ լուսանկարներ, ազդագրեր, էսքիզներ և ձեռագիր նոտաներ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուից, որոնց մեծ մասը հրապարակվել է առաջին անգամ:

Ժողովածուն փաստական հարուստ նյութով, պատմագիտական ընդհանրացումներով հագեցած, պարզ ու գրավիչ լեզվով գրված անգլալեզու աշխատություն է: Այն ինչպես պրոֆեսիոնալ երաժիշտների, այնպես էլ երաժշտասեր ընթերցողների լայն շրջանակների համար է, որ նոր լույս է սփռում մեծ արվեստագետի կերպարի վրա:

Գրքում ներկայացված է նաև մուլտիմեդիա բովանդակություն. QR կոդերի օգնությամբ ընթերցողը հնարավորություն ունի ունկնդրելու Արամի Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործությունների էքսկլյուզիվ, արխիվային ձայնագրությունները՝ հեղինակի և նշանավոր երաժիշտների կատարմամբ, ինչպես նաև հատվածներ եզակի տեսանյութերից և փաստագրական ֆիլմերից:

«Արամ Խաչատրյան» ժողովածուի ստեղծման գործում ունեցած մասնակցությամբ և լույսընծայմամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, ի դեմս տնօրեն Արմինե Գրիգորյանի և ֆոնդապահ Անահիտ Շահմանյանի, մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված հոբելյանական տարվա շրջանակներում ավարտին հասցրեց շատ կարևոր ևս մեկ նախաձեռնություն:

Ժողովածուն լույս է տեսել «Արմավ» հրատարակչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհով:

  • Կիսվել: