երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հին հունական պատմիչներին ոգեշնչել են ուրարտացի կին զինվորները. գիտնականներ

Հին հունական պատմիչներին ոգեշնչել են ուրարտացի կին զինվորները. գիտնականներ

Հայաստանի հյուսիսում գտնված ավելի քան 2600 տարեկան ոսկորների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտու հնագույն պետության կին զինվորի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով International Journal of Osteoarchaeology-ին:

Նշվում է, որ հավանաբար կինը զոհվել է մարտի ժամանակ։ Հնագետները նրա աճյունը հայտնաբերել են հյուսիսային Լոռու մարզի «Բովեր I» գերեզմանոցում՝ դեռ 2017թ․։ Ճենապակուց եւ զարդերից ելնելով՝ գիտնականները գերեզմանը թվագրել են մ․թ․ա․ VIII-VI դարերով, երբ ներկայիս Հայաստանի տարածքում ծաղկում էր հին Ուրարտու թագավորությունը։ Այն ակտիվ նվաճողական քաղաքականություն է վարել մինչեւ VI դարի վերջը, երբ անկում ապրեց սկյութացիների, կիմերացիների եւ մեդացիների համատեղ հարձակման պատճառով։

Ըստ կմախքի ուսումնասիրությունից ստացված տվյալների՝ կինը եղել է մոտ 20 տարեկան: Զարդերը վկայում են հուղարկավորվածի բարձր կարգավիճակի մասին։

Գիտնականներին կնոջ ոսկորների կառուցվածքն ու վնասվածքները հուշել են, որ նա լավ զարգացած մկաններ է ունեցել, հավանաբար՝ եղել է զինվոր, նետաձիգ եւ հաճախ է ձի հեծնել։ Մարտերին մասնակցության մասին վկայում է նետի երկաթյա ծայրը, որը մնացել է նրա ձախ ծնկի մեջ։ Այդ վերքը, սակայն, լավացել էնրա մահից շատ առաջ։

Մահվան պատճառը, ըստ հետազոտողների, այլ վերքեր են եղել: Մասնագետները նրա ոսկորների վրա առնվազն երեք լուրջ վնասվածքների հետքեր են գտել, ենթադրվում է, որ դրանց սրից եւ կացնից են եղել։ Հնագետները կարծում են, կինը զոհվել է մարտի ժամանակ:

Սա հին Ուրարտուից գիտնականների հայտնաբերած զինվոր կնոջ առաջին աճյունը չէ: Պատմական այլ աղբյուրներ վկայում են այն մասին, որ այդ պետությունում կանայք պայքարել են տղամարդկանց հետ կողք կողքի։ Սա հիմք է հանդիսացել, որ գիտնականները գան այն եզրակացության, որ հենց Ուրարտուի բնակչուհիներն են ոգեշնչել հին հունական պատմիչներին, որպեսզի նրանք ստեղծեն ամազոնուհիների՝ միայն կանանցից կազմված մարտական ժողովրդի կերպարը։

 

  • Կիսվել: