հինգշաբթի, հունիս 6
6 / 6 / 2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն։

Նախարարին ներկայացվել են մշակութային հաստատություններում իրականացված և ընթացիկ շինարարական և այլ բնույթի աշխատանքները։ Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նշել է, որ մեկ տարում թատրոնում կատարված աշխատանքները երևում են մուտքից սկսած։

Տնօրենի ներկայացմամբ՝ առաջին հարկը ամբողջովին վերանորոգվել է, հետնամասային դռները և վերելակները փոխվել են։ Թատրոնը կլինի 1-4-րդ հարկերում. 3-րդ և 4-րդ հարկերում կտեղակայվեն վարչական և գեղարվեստական մասերը, 2-րդ հարկում դահլիճն ու սպասասրահն են։ Սրահը հանդիսատեսի համար նախատեսված է նաև որպես սպասասրահ, որը հնարավոր է օգտագործել մամուլի ասուլիսներ կազմակերպելու, ֆիլմերի, հոլովակների պրեմիերաներ ցուցադրելու համար:

Հինգերորդ հարկը նույնպես ամբողջությամբ վերանորոգվել է և անվանվել կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի անունով։ Առաջիկայում դահլիճում կվերանորոգվի հատակը, կապահովվեն ձայնային լուծումները, կտեղադրվեն նստարանները: Խոսելով ապագայի ծրագրերի մասին` տնօրենն ասել է, որ մտադիր են թատրոնը վերածել «երաժշտական Թումոյի»։

Այնուհետև ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեկցությամբ, այցելել է Կամերային երաժշտության ազգային կենտրոն:

Նրանք շրջել են կենտրոնի տարածքով և ծանոթացել բարելավմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքին: ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը ներկայացրել է փորձասենյակների, աշխատասենյակների, սանհանգույցների վերանորոգման, տեխնիկական վերազինման և իրականացված մյուս աշխատանքները։

Ծավալուն շինարարությունն իրականացվել է գործընկեր կազմակերպության աջակցությամբ և կենտրոնի աշխատակիցների ջանքերով: Տեղում արծարծվել է նաև շինության կաթսայատան խողովակաշարի ամբողջական նորոգման հարցը:

Ա. Հարությունյանին ներկայացվել է նաև ճապոնական դրամաշնորհով ձեռք բերված երաժշտական գործիքը՝ Yamaha կլավինովան: Մինչև տարեվերջ դրամաշնորհային ծրագրով ԿԵԱԿ-ը կհամալրվի ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, ինչպես նաև այլ հարվածային գործիքներով:

 

  • Կիսվել: