երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանում ստեղծագործող երգի և պարի ավելի քան հիսուն համույթ մասնակցել է «Ծաղկունք» միջազգային փառատոնին

Հայաստանում ստեղծագործող երգի և պարի ավելի քան հիսուն համույթ մասնակցել է «Ծաղկունք» միջազգային փառատոնին

«Ծաղկունք» 4-րդ միջազգային փառատոնին, որը նվիրված է եղել ՄԱԿ-ի միջազգային օրվան, մասնակցել է Հայաստանում ստեղծագործող երգի և պարի ավելի քան հիսուն համույթ:

Փառատոնի նախաձեռնող «Կամուրջ» մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Գևորգյանը նշում է՝ Հայաստանի համույթներից բացի փառատոնին մասնակցել են ստեղծագործական խմբեր Ռուսաստանից և Հնդկաստանից: Նրանք ներկայացրել են հայկական և այլ երկրների ազգային ինքնությունն ու առանձնահատկություններն արտացոլող երգեր և պարեր:

«Հանդիսականի ջերմ շնորհավորանքներն ու բուռն ծափահարությունները, մասնակիցների սերն ու էներգիան միախառնվել էին, և համընդհանուր ոգևորության մթնոլորտում հանդիսատեսը հաղորդակցվում էր գեղեցիկին»,-նշում է Գևորգյանը:

Ելույթներից հետո նա մասնակից բոլոր խմբերին պատվավոր պատվոգրեր և մեդալներ է  հանձնել:

Հայկ Գևորգյանի խոսքով՝ «Կամուրջ»-ի նպատակն է բացահայտել օժտված երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժը՝ մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ համախմբելով նրանց, նպաստել երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու կատարելագործմանը:

Կենտրոնն աջակցում է պարախմբերին, անհատներին՝ նրանց հնարավորություն տալով մասնակցել նաև միջազգային​ միջոցառումների. նոյեմբերի 20-ին​ նախատեսվում է համանման մրցույթ անցկացնել, իսկ դեկտեմբերի 16-ին կազմակերպվելու է մրցույթ-փառատոն, ​ նույն ամսի 17-ին և 23-ին ​ տեղի կունենան Ամանորին նվիրված համերգներ, որոնց նկարահանված տարբերակները կցուցադրվեն «Դար 21» հեռուստաալիքով:

«Պարը և երգը միշտ համախմբել են հայ ժողովրդին: Այսպիսի միջոցառումները մեր ազգային արժանապատվությունը, ազգային արժեքները, պայքարի ոգին սրբորեն պահելու, պահպանելու, սերունդներին փոխանցելու ազգապահպան կարևոր առաքելություն ունեն»,-ասում է Գևորգյանը: Նա կարծում է՝ անհրաժեշտ է պահպանել և տարածել հայկական ավանդական երգն ու պարը՝ դարավոր պատմություն ունեցող մշակութային ժառանգությունը դարձնելով ​ առավել ճանաչելի։

  • Կիսվել: