ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ցանկանում եմ պաշտպանել Յուսիֆ Էյվազովին». Սպիվակովան անդրադարձել է հայ ու ադրբեջանցի երգիչների շուրջ ծագած սկանդալին

«Ցանկանում եմ պաշտպանել Յուսիֆ Էյվազովին». Սպիվակովան անդրադարձել է հայ ու ադրբեջանցի երգիչների շուրջ ծագած սկանդալին

Հայազգի հայտնի հեռուստահաղորդավարուհի, ռուսաստանաբնակ Սաթի Սպիվակովան իր ինստագրամյան էջում  անդրադարձել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի և հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի շուրջ ծագած սկանդալին, ըստ որի՝ տենորը հայուհու էթնիկ պատկանելիության պատճառով հրաժարվել է նրա հետ հանդես գալ Դրեզդենի պետական օպերայում:

Սպիվակովան գրել է, որ «մշակույթը մեկ ազգության, մեկ դավանանքի և ունիվերսալ լեզվի տարածք է»: Նա կոչ է արել ստեղծված իրավիճակում սադրանքների չտրվել:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես հավատում եմ միայն նրան, ինչի ականատեսն ինքս եմ եղել: Երիտասարդ հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի նկատմամբ հիացմունք ունենալով հանդերձ, ինչպես նաև հասկանալով, որ այս կեղտոտ և ճղճիմ պատմությունում նա Զոհ է, ցանկանում եմ պաշտպանել Յուսիֆ Էյվազովին՝ հստակ իմանալով, որ նրան խաբել են և վատ դրության մեջ դրել: Ես հայուհի եմ, նա՝ ադրբեջանցի, և եթե հարցն ուսումնասիրենք քաղաքական համատեքստում, ապա կլինենք բարիկադների հակառակ կողմերում: Բայց որևէ արտիստի համար գործընկերոջ ազգությունը երբևէ նշանակություն չի ունեցել»:

Սաթի Սպիվակովան ընդգծել է, որ այս ամենը գրում է ոչ թե ուշադրություն գրավելու կամ իրարանցում առաջացնելու համար, այլ բոլորին հանգստության կոչ անելու և այս անհեթեթության քննարկմանը վերջ դնելու նպատակով: Նա նշել է. «Կեցցե՛ երաժշտությունը: Հ.Գ. Չփորձեք կոպտել, միևնույն է` չեմ պատասխանելու»:


Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ հայտնի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, հերքել է օրերս տարածված տեղեկություններն առ այն, թե ինքը հրաժարվել է հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ հանդես գալ Դրեզդենի պետական օպերայում` էթնիկ պատկանելիության պատճառով:

Իր ինստագրամյան էջում երգիչը գրել էր. «Սիրելի ընկերներ, ես ադրբեջանցի եմ, և ես իմ հստակ տեսլականն ու կարծիքն ունեմ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց իմ քաղաքական հայացքները երբեք չեն անդրադառնում իմ մասնագիտության ու իմ գործընկերների վրա: Խոսքերիս վառ ապացույցն է այն, որ ես Մեծ թատրոնում բազմիցս բեմ եմ դուրս եկել Մարիա Գուլեգինայի և Գևորգ Հակոբյանի հետ»,- Instagram-ում գրել էր օպերային երգիչը:

Էյվազովը հրապարակել էր նաև Դրեզդենի Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոախիմ Ֆրեյի հայտարարությունը, որում նշվում է, որ Դրեզդենի օպերան պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի հետ 2020 թվականի փետրվարի 7-ին Դրեզդենի պետական օպերայում ելույթի համար:

  • Կիսվել: