հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են. ահազանգ

Ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են. ահազանգ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան, որոնք այս պահին ոչնչացման վտանգի տակ են: Նա կցել է հուշարձանների լուսանկարները և գրել, որ այդտեղ շինարարություն է ընթանում, և շենքի կառուցման համար փորված փոսի հողն ու քարերը լցվում են հենց այդ ժայռապատկերների վրա։

Մելիք-Շահնազարյանը, մասնավորապես, նշել է. «Ուշադրություն.

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան։ Ժայռապատկերներն այստեղ են տեղափոխվել Սյունիքի մարզի Սիսիանի շրջ. Ուղտասար վայրից: Կարծում եմ՝ ավելորդ է ասելու, թե պատմամշակութային ինչ արժեք ունեն այդ հուշարձանները մեզ և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։

Հիմա ուշադրություն՝ ավելի քան 4000 տարեկան այդ ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են։ Այսօր իմացա, որ հենց կողքը շինարարություն է ընթանում և շենքի կառուցման համար փորված փոսի հողն ու քարերը լցվում են հենց այդ ժայռապատկերների վրա։ Կողքն էլ շինտեխնիկա է աշխատում, որը նույնպես վտանգում է պատմական այդ հուշարձանները։

Ուզում եմ շատ հստակ արտահայտվել՝ էլի ոչինչ, որ քաղաքի հերթական այգում հերթական շինարարությունն է ընթանում։ Կանաչ տարածքների բազմապատկման, ինչպես նաև իշխանությունների մնացած բոլոր խոստումներին, ես մեղմ ասած շատ թերահավատ եմ։ Բայց ժայռապատկերները ՊԵՏՔ Է ՓՐԿՎԵՆ։ Պարտադիր»։






 

  • Կիսվել: