երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ստեփանակերտի պահանջը պետականությունն է՝ Ղարաբաղի հարցում բեկման հնարավորություն է ստեղծվել

Ստեփանակերտի պահանջը պետականությունն է՝ Ղարաբաղի հարցում բեկման հնարավորություն է ստեղծվել

Ղարաբաղյան հարցում բեկում արձանագրելու հնարավորություն է ստեղծվել՝ պնդում է հակամարտության կարգավորմանը հետևող Միջազգային ճգնաժամային խումբը, որտեղ ընդգրկված են նախկին բարձրաստիճան դիվանագետներ, պետական պաշտոնյաներ, հեղինակավոր փորձագետներ ու վերլուծաբաններ:

Փաստելով, որ կողմերի դիրքորոշումները դեռ շատ են հեռու միմյանցից, խումբը միաժամանակ պնդում է՝ բանակցությունները կարող են կանխել հնարավոր նոր էսկալացիան՝ տարածաշրջանում ռազմական ներուժի շարունակական ամրապնդման ֆոնին, և ճանապարհ հարթել հակամարտության վերջնական կարգավորման համար:

Այս տարվա զեկույցը վերնագրված է «Ելքեր փակուղուց», այդ նպատակով փորձագետներն առաջարկում են կենտրոնանալ երեք հարցի վրա, որոնց շուրջ կողմերը հակադիր դիրքորոշումներ են ունեցել 90-ականների պատերազմից ի վեր։

Առաջինը Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ճակատագիրն է։ «Ադրբեջանցիները ստիպված են եղել լքել այդ շրջանները պատերազմի ժամանակ, նրանց փոխարեն այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից տեղահանված հայերը», - փաստում են փորձագետները և պնդում՝ փակուղուց դուրս գալու համար Հայաստանը կարող է համոզել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին դադարեցնել նոր բնակավայրերի կառուցումն այս տարածքներում, եթե Ադրբեջանն իր հերթին խոստանա միջազգային դատարաններում բնակեցման վերաբերյալ հայցեր չներկայացնել և հրաժարվել հետագա պատժամիջոցներից. «Սա բարենպաստ մթնոլորտ կստեղծի բանակցություններում», - համոզված է Միջազգային ճգնաժամային խումբը:

Երկրորդ հարցը, որը, ըստ փորձագետների, կարող է ճանապարհ հարթել կարգավորման համար, բանակցություններն են հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ առաքելություն տեղակայելու, դրա կազմի ու մանդատի շուրջ։ «Նման առաքելությունը կարող է օգնել նվազագույնի հասցնել բռնությունը, պայմաններ ստեղծել խաղաղության համար և ապահովել խաղաղության համաձայնագրի կատարումը, եթե այն ստորագրվի», - վստահեցնում է Միջազգային ճգնաժամային խումբը, փաստելով, որ 1994-ից ի վեր այդ գաղափարը պարբերաբար դրվում է շրջանառության մեջ, հատկապես Ռուսաստանի կողմից, բայց մինչ օրս երբեք չի իրագործվել:

Երրորդ և ամենաբարդ լուծվող հարցը Ղարաբաղի կարգավիճակն է։ «Հայաստանի ու Ստեփանակերտի պահանջը պետականությունն է։ Ադրբեջանը լավագույն դեպքում պատրաստ է Ղարաբաղին ինքնակառավարում առաջարկել՝ իր կազմում», - նշում են փորձագետները, հավելելով՝ դիրքորոշումները շատ հեռու են, սակայն առկա են առաջընթացի նախանշաններ: «Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են ուսումնասիրել, թե ինչի կհանգեցնի Ղարաբաղին ինքնավարության տրամադրումը և ինչպես կարելի է հանրաքվե կազմակերպել կարգավիճակի շուրջ: Ճիշտ է, նրանց պատկերացումները շատ հեռու են Երևանի կամ Ստեփանակերտի համար ընդունելի լուծումներից, բայց կարող են հիմք ստեղծել հարցը քննարկելու համար», - փաստում են փորձագետները, որոնք ամիսներ առաջ այցելել էին Հայաստան ու Ադրբեջան:

«Բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը դժվար կլինի, բայց դա միակ ճանապարհն է, որով Հայաստանն ու Ադրբեջանը կարող են դուրս գալ փակուղուց», - շեշտում է Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, զգուշացնելով՝ «եթե կողմերը հապաղեն, կարող են բաց թողնել առաջընթացի հասնելու հնարավորությունը»:

  • Կիսվել: