Շուշիում արհեստագործական նոր ուսումնարան կկառուցվի, իսկ Ստեփանակերտում կվերազինվի արհեստագործական դպրոցը
Շուշիում արհեստագործական նոր ուսումնարան կկառուցվի, Ստեփանակերտում էլ կվերազինվի արհեստագործական դպրոցը և իտալական տւն կբացվի: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Իտալիայում «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի և Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ հանդիպման ժամանակ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Մասնավորապես՝ կստեղծվի հայ-իտալական հիմնադրամ, որի աջակցությամբ Շուշի քաղաքում իտալական կրթական ծրագրերով կկառուցվի ավագ դպրոց-արհեստագործական նոր ուսումնարան: Այն ինչ-որ առումով մրցակից կլինի Շուշիում ֆրանսիական կրթական մոդելի օրինակով գործող և մեծ համբավ ձեռք բերած Եզնիկ Մոզյան ուսումնարանի համար՝ բայց հիմնականում առաջարկելով նոր մասնագիտություններ:
Նոր ուսումնական հաստատությունը մեր երեխաներին կմասնագիտացնի սննդի, հյուրանոցային ու ռեստորանային սպասարկման ծառայությունների, խճանկարչության (մոզաիկա), փայտագործության, պրոշուտոյի (իտալ.՝ prosciutto՝ խոզապուխտ) պատրաստման, պանրագործության, գինեգործության և շատ այլ ոլորտներում: Իտալիան, ինչպես գիտենք, հատկապես գինեգործությամբ ու պանրագործությամբ, աշխարհի առաջատարներից է, իսկ Արցախում այդ երկու ճյուղերի զարգացումը մեծ հեռանկարներ ունի:
Իտալական կողմի հետ ձեռք բերված հաջորդ պայմանավորվածությունը Ստեփանակերտի արհեստագործական դպրոցի վերազինումն է նոր սարքավորումներով: Այն ուսումնարանի սաներին հնարավորություն կտա մասնագիտանալու սննդի և ծառայությունների ոլորտում:
Երրորդ առաջարկս, որի իրականացման համար իտալացիներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին, Արցախում գործող արհեստագործական դպրոցների սաների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումն է Իտալիայում: Այն նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում:
Եվ չորրորդը՝ Ստեփանակերտում իտալական տան բացումն է, որտեղ արհեստագործական ուսումնարանների՝ սննդի ոլորտում մասնագիտացող աշակերտները հաճախորդներին կարող են իրենց խոհարարական հմտությունները ցուցադրել: Ծրագրին գործնականում ծանոթանալու համար այցելել եմ տեղում գործող հաստատություն և շատ տպավորված եմ ուսուցման կիրառվող մեթոդներից:
Զարգացած, հզոր և բարձր կենսամակարդակ ունեցող Արցախի տեսանելի ապագայի մեր խոստումն իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ, և ամենակարևորը, այդ մասնագետների պատրաստման սեփական դարբնոցի ստեղծում, որին էլ հետամուտ ենք…
Անելիք շատ ունենք…»: