երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Շարմազանովը պատասխանել է Փաշինյանի ելույթին

Շարմազանովը պատասխանել է Փաշինյանի ելույթին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է այսօր ՀՀ-ի ու Արցախի անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Փաշինյանի ելույթին:

Նա գրել է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման անկյունաքարը ոչ թե անվտանգությունը պետք է լինի, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ու պարտադիր իրացումը:

Շարմազանովը, մասնավորապես, նշել է. Արցախյան հիմնախնդրի կարգավորման անկյունաքարը ոչ թե անվտանգությունը պետք է լինի, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ու պարտադիր իրացումը: Տեսականորեն անվտանգությունը կարող է ապահովել թեկուզ միջազգային խաղաղապահների կողմից՝ որեւէ ձեւաչափով, բայց ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացում այդպես էլ չլինի:

Հետեւաբար, Փաշինյանի կողմից անվտանգությունը որպես լուծման անկյունաքար ներկայացնելը սխալ է: Ի դեպ, 1993թ.-ին Չեխոսլովակիայի «թավշյա բաժանման» ժամանակ անվտանգության սպառնալիք չկար ոչ չեխ, ոչ սլովակ ժողովուրդների համար, բայց օգտվելով ինքնորոշման իրավունքից, առաջացան երկու անկախ սուբյեկտներ` Չեխիա եւ Սլովակիա: Այսինքն՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար անվտանգության սպառնալիքը միակ պարտադիր պայման չի կարող լինել:

Անկախ նրանից, Ադրբեջանը ժողովրդավար է, թե ոչ, երբեւէ այդպիսին կդառնա, թե ոչ, անթույլատրելի է Արցախի եւ Ադրբեջանի նույն քաղաքական տարածքում չլինելը պայմանավորել միայն Ադրբեջանի հակաժողովրդավար էությամբ: Արցախը ոչ մի դեպքում չպետք է լինի Ադրբեջանի մաս եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Սրանք են այն սկզբունքները, որոնք Փաշինյանը պետք է ձեւակերպեր, բայց այդպես էլ չարեց:

  • Կիսվել: