Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը
Ս.թ. մարտի 20-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը, ինչի մասին երեկ իրազեկման գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին։ Այս մասին հայտնում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ:
«Բոլոր մտահոգ անձանց հրավիրում ենք մասնակցելու այդ հավաքին և համատեղ լուծում տալու արցախահայության ընթացիկ հիմնախնդիրներին:
Քանի որ սա նախնական հանրային ծանուցում է, Նախաձեռնությունը լրացուցիչ կերպով կտեղեկացնի, երբ Երևանի քաղաքապետից ստանա պաշտոնական պատասխանը՝ օրենսդրությամբ նախատեսված կարգով: Հ.Գ. կխնդրեի տարածել այս հայտարարությունը և հետևել Նախաձեռնության ֆեյսբուքյան էջին՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնություն»,- հայտնում է Արտակ Բեգլարյանը։