չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կալանավորված անձի տեսակցությունը պաշտպանի հետ թույլատրվում է օրենքով սահմանված կարգով. ԱՀ դատախազության մեկնաբանությունը

Կալանավորված անձի տեսակցությունը պաշտպանի հետ թույլատրվում է օրենքով սահմանված կարգով. ԱՀ դատախազության մեկնաբանությունը

Արցախի Հանրապետության դատախազությունը հանդես է եկել պարզաբանմամբ` ԱՀ փաստաբանների պալատի անդամ Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան էջում զետեղված հրապարակման առթիվ:

Հրապարակման վերաբերյալ ԱՀ դատախազության մեկնաբանության մեջ ասված է.
 
«ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով /Պետական դավաճանությունը/ նախատեսված հանցակազմի հատկանիշներով 01.06.2023թ. հարուցվել է քրեական գործ: Հիշյալ քրեական գործով ԱՀ քաղաքացի Ա. Ի.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, իսկ փաստաբան Ռ. Երիցյանը ստանձնել է վերջինիս պաշտպանությունը:
 
Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը սահմանում և կանոնակարգում է կալանավորված անձանց տեսակցությունների տրամադրման կարգը, որի 144-րդ կետի պահանջների համաձայն՝ «Երկարատև տեսակցությունը տրամադրվում, իսկ կարճատև տեսակցությունը տրամադրվում և անցկացվում է աշխատանքային օրերին` ժամը 10.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում: Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձին տեսակցությունն իր պաշտպանի հետ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ԱՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան»: Այսինքն՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձի տեսակցությունն իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ:
 
Վերոհիշյալ կարգավորումների մասին փաստաբան Ռ. Երիցյանը պարտավոր էր տեղյակ լինել, և առնվազն տարակուսանք է հարուցում նրա հրապարակային /տեսանկարահանման ձևով/ բողոքը՝ իր պաշտպանյալին ոչ աշխատանքային օրերին տեսակցելու պահանջը մերժելու առթիվ:
 
Ինչ վերաբերում է ԱՀ դատախազության ցուցաբերած գործողություններին, որոնք Ռ. Երիցյանը որակում է իբրև անգործություն, ապա ի պարզաբանումն տեղեկացնում ենք, որ ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի ահազանգի հիման վրա, անմիջապես, 08.07.2023թ. ժամը 20:45-ին, ստուգվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալված անձանց պահելու վայրում հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության դրվածքը՝ ստուգայց կատարելու եղանակով: Ստուգման ընթացքում խցերում բոլոր կալանավորների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս կողմից պահելու կարգի և պայմանների հետ կապված որևէ դժգոհություն կամ բողոք չի ներկայացվել: Ստուգման ընթացքում, մասնավորապես, կալանավոր Ա. Ի-ն հայտարարել է, որ իր նկատմամբ որևէ բռնություն չի կարող գործադրվել, ՁԱՊՎ վարչակազմի գործողությունների դեմ որևէ բողոք չունի, որի վերաբերյալ նա ձեռագիր նշում է կատարել կազմված արձանագրության մեջ:
 
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթ մասին» ԱՀ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն /Բողոքարկման իրավունքը/՝ «Անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ)»: Իսկ նույն օրենքի 70-րդ հոդվածը /Բողոքարկման կարգը/ սահմանում է, որ «1. Ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: 2.Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած` 1) վարչական մարմին. 2) վարչական մարմնի վերադաս վարչական մարմին»: Փաստաբան Ռ. Երիցյանը տվյալ դեպքում ևս պարտավոր էր տեղյակ լինել վարչական ակտի բողոքարկման կարգին:
 
Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը «Դատախազության մասին» ԱՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված՝ հարկադրանքի միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի ակտերը /տեսակցություն չտրամադրելը/ վերացնելու լիազորություն չունի»:

  • Կիսվել: