երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ եւ ԱՀ անվտանգային մարտահրավերներն անբաժանելի են. Էդուարդ Մարտիրոսյանը՝ Արցախում

ՀՀ եւ ԱՀ անվտանգային մարտահրավերներն անբաժանելի են. Էդուարդ Մարտիրոսյանը՝ Արցախում

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների  ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Այցի ընթացքում Է. Մարտիրոսյանին ընդունել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը: Քննարկվել են հայկական երկու պետությունների անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ՀՀ եւ ԱՀ ԱԱԾ կառույցների փոխհամագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Է. Մարտիրոսյանը մասնակցել է նաեւ ԱՀ ազգային անվտանգության ծառայության մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստին, որին ներկա է եղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին՝ Է. Մարտիրոսյանն իր ելույթում նշել է. «Արցախի պետականության հիմքերի, սահմանադրական կարգի եւ անվտանգության պահապանը մեր ողջ ժողովուրդն է, բայց առաջին հերթին եւ առաջին շարքերում դուք եք, հարգելի գործընկերներ: Համոզված եմ, որ ձեր մասնագիտական բարձր որակները, հմտություններն ու կարողություններն այսուհետեւ եւս ծառայեցնելու եք առկա վտանգները չեզոքացնելու գործին, ինչը հաջողությամբ արել եք տասնամյակներ շարունակ:

ՀՀ եւ ԱՀ անվտանգային մարտահրավերներն անբաժանելի են միմյանցից, եւ մենք անելու ենք մեզանից կախված հնարավորն այդ անբաժանելի անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար»:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաեւ մասնագիտական տոնի առթիվ Է. Մարտիրոսյանի հրամաններով ԱՀ ԱԱԾ ղեկավարը, տեղակալաները եւ մի շարք ծառայողներ պարգեւատրվել են մեդալներով, կրծքանշանով եւ արժեքավոր նվերով:

  • Կիսվել: