Հայրենյաց պաշտպանի օրը հանվել է մեր տոնական օրացույցից և տեղափոխվել հունվարի 28-ը․ Դավիթ Բաբայան
Արդեն երկրորդ տարին է, ինչ այդ օրը հանվել է մեր տոնական օրացույցից եւ տեղափոխվել հունվարի 28-ը: Հունվարի 28-ը եւս մեր կարեւորագույն տոներից է՝ լինելով Հայրենյաց պաշտպանի եւ Բանակի օր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
այսօր փետրվարի 23-ն է, օր, որը տասնամյակներ շարունակ մեր երկրում նշվել է որպես Հայրենյաց պաշտպանի օր: Արդեն երկրորդ տարին է, ինչ այդ օրը հանվել է մեր տոնական օրացույցից եւ տեղափոխվել հունվարի 28-ը:
Հունվարի 28-ը եւս մեր կարեւորագույն տոներից է՝ լինելով Հայրենյաց պաշտպանի եւ Բանակի օր: Սակայն մենք՝ արցախցիներս, բարոյական իրավունք չունենք հրաժարվելու փետրվարի 23-ից, հետեւելով այն՝ որպես խորհրդային ժառանգություն դիտարկելու էժանագին շահարկումներին եւ մանիպուլիացիաներին:
Այդ օրը մենք պետք է դիտարկենք այլ տեսանկյունից. առաջին հերթին՝ այն վկայում է Երկրորդ աշխարհամարտում հայ ժողովրդի եւ նրա արցախյան հատվածի ունեցած մասնակցության մասին:
600 հազար հայորդիներ մասնակցել են Երկրորդ աշխարհամարտին, որոնցից 300 հազարը զոհվել է: Պատմական Արցախից Երկրորդ աշխարհամարտի եւ Մեծ հայրենականի ռազմաճակատներ է մեկնել 90 հազար արցախցի, որոնցից 45 հազարը զոհվել է: Հայ ժողովուրդը տվել է 5 մարշալ, 5-ն էլ արմատներով Արցախից են:
Բնակչության ընդհանուր թվի համեմատ Խորհրդային միության հերոսների, ռազմական փառքի շքանշանակիրների քանակով Արցախն առաջին տեղն է զբաղեցնում նախկին ԽՍՀՄ-ում, ավելին, Արցախից պատերազմ է զորակոչվել բնակչության 30%-ը, ընդ որում՝ կամավոր հիմունքներով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Երկրորդ աշխարհամարտին մասնակցած բոլոր երկրների համեմատ: Օրինակ՝ Գերմիանիանում, իր համար պատերազմի ամենածանր ժամանակահատվածում, 1945 թ. մարտ-ապրիլ ամիսներին զորակոչված էր ընդհանուր բնակչության ընդամենը 17%-ը:
Այդ հերոսների, մեր պապերի եւ հայրերի համար փետրվարի 23-ն է եղել Հայրենյաց պաշտպանի օր:
Այն նաեւ տոն էր նրանց կրթած եւ դաստիարակած սերունդների՝ Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան պատերազմի մասնակիցների համար:
Արցախի պահպանողական կուսակցությունը գտնում է, որ փետրվարի 23-ը դարձյալ պիտի տոն լինի Արցախում, այն կարելի է անվանել Մեծ Հայրենականում, Երկրորդ աշխարհամարտում, ինչի չէ նաեւ, հայրենիքի համար մղված բոլոր պատերազմներում մասնակցած եւ մարտիրոսված զինվորների հիշատակի օր: Մենք նպատակասլաց աշխատանք ենք տանելու այս ուղղությամբ:
Խոնարհվում ենք մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առջեւ, հիշում եւ հպարտանում ենք ձեզնով»,- ասված է հաղորդագրության մեջ։