երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Պահպանենք  ղարաբաղյան  ոսկեթույր նժույգի համբավը

«Հայաստանի Հանրապետություն». Պահպանենք ղարաբաղյան ոսկեթույր նժույգի համբավը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան ազնվացեղ նժույգի համբավը վաղուց է հայտնի աշխարհին, եւ ոչ անհայտ, նշանավոր մարդկանց կողմից շատ է գրվել նրա մասին։ Արցախյան նժույգի գենետիկ պոտենցիալի վերականգնման խնդրով ոչ քչերն են զբաղվել։ Սակայն պատերազմական գործողությունները միշտ էլ խոչընդոտ են դարձել ավանդական զբաղմունքը պատշաճ հիմքերի վրա դնելու հարցում։ Կամ, անհեռատես իշխանավորների մեղքով, պարզապես վիժեցվել են «ոչ եկամտաբեր» այդ գործի բարելավմանն ուղղված մասնագետների ձեռնարկումները։

Ավանդական զբաղմունքի՝ ձիաբուծության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող փորձերը ԼՂՀ-ում դեռեւս ցանկալի արդյունքներ չեն տվել, չնայած վերջին տարիներին որոշակի առաջխաղացում է նկատվում: Գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Առստամյանի կարծիքով, «վերջին տասնամյակներում, որպես բանող ուժ, ձին կորցնում է  իր նշանակությունը: Միեւնույն ժամանակ, զբոսաշրջային եւ սպորտային զբաղվածության տիրույթում արցախյան նժույգի տեսակն առավել մեծ համբավ է ձեռք բերում: Նրա խոսքով, ներկայումս հանրապետությունում ձիերի գլխաքանակը 2334-ի է հասնում: 2019 թվականից Ասկերանի շրջանի Մխիթարաշեն համայնքում (Հունոտի կիրճի տարածքում)  գործում է ձիարշավարան, որտեղ բուծվում են  Անգլիական, Արաբական եւ Ղարաբաղյան ցեղի երկու տասնյակ նժույգներ:

«Ակումբի նպատակն է զարգացնել ձիասպորտն Արցախում,- ասում է նա: -Ծրագրված է ձիարշավարանը համալրել այնպիսի ազնվագույն ցեղատեսակներով, որոնք լեռնային, դժվարամատչելի պայմաններում իրենց կդրսեւորեն լիարժեք: Մխիթարաշենից բացի, խմբակային ձիաբուծությամբ զբաղվում են նաեւ Շահումյանի շրջանի Քարվաճառ, Հավսաթաղ, Մանաշիդ  եւ Շուշիի շրջանի Քիրսավան համայնքներում: Յուրաքանչյուր խմբում 20-50 ձի է ընդգրկված, եւ քայլեր են ձեռնարկվում տոհմի բարելավման ու գլխաքանակի ավելացման ուղղությամբ: Մի շարք համայնքներում էլ ձիեր բուծվում են` զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության եւ անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: