երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանրաքվեով ստեղծված Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել․ «Զարթոնք»

Հանրաքվեով ստեղծված Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել․ «Զարթոնք»

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը հայտարարությամբ է հանդես եկել․

«Զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների համաձայն, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 28-ին ստորագրել է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին հրամանագիր: Ըստ լուրերի, նշված հրամանագիրը «կազմվել» է Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը հայտարարում է, որ Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել ո՛չ Արցախի որևէ պաշտոնատար անձի և ոչ էլ Արցախի ազգային ժողովի կամ որևէ այլ մարմնի կողմից, հետևյալ պատճառաբանությամբ.

Արցախի Հանրապետությունը ստեղծվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած անկախության մասին համահանրապետական հանրաքվեի միջոցով (ընտրելու իրավունք ունեցող 132.328 հոգուց քվեարկությանը մասնակցել է 108.736-ը (82,2 %), անկախությանը «կողմ» է քվեարկել 108.615 (քվեարկողների 99,89 %-ը), «դեմ»՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել): Նույնիսկ Ադրբեջանական Հանրապետությունը հանրաքվեի միջոցով չի անկախացել ԽՍՀՄ-ից, այլ իրենց օրենսդիր մարմնի որոշմամբ:

Արցախի Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Արցախի Հանրապետության նախագահը օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից միայն գործադիր իշխանության ղեկավարն է, այսինքն նա օժտված է պետական իշխանության մի մասով: Հետևաբար, Արցախի Հանրապետության նախագահը չի ունեցել, չունի և չի կարող ունենալ Արցախի Հանրապետությունը լուծարելու իրավասություն:

Ավելին, Արցախի նախագահի 2023թ. սեպտեմբերի 28-ի «հրամանագիրը» ոչ միայն պաշտոնապես, այլ նաև ընդհանրապես չի հրապարակվել: Հետևաբար իրավական ակտերի հետ կապված օրենքի կարգավորումների համաձայն այդ «հրամանագիրը» ձևական առումով էլ ուժի մեջ չի մտել (նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից), իսկ հրապարակվելու դեպքում էլ չի կարող իրավաբանական ուժ ունենալ: Նույն տրամաբանությամբ Ալիևը չի կարող իր հրամանագրով լուծարել Ադրբեջանի Հանրապետությունը:

«Զարթոնքն» այս հարցում Արցախի իշխանությունների պասիվությունն ընդունելի չի համարում: Մեր համոզմամբ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ճնշում են գործադրում Արցախի իշխանությունների նկատմամբ՝ պատճառ բերելով, որ Արցախի գոյության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու դեպքում նոր պատերազմ կլինի, կամ գերիները չեն վերադարձվի: Նշված կամ դրա նման այլ պատճառաբանությունները չունեն որևէ հիմք, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվել իր ծավալապաշտական ցանկություններից, շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, ուստի պատերազմի հավանականությունն առավել քան իրատեսական է:

Հանրաքվեով ստեղծված Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել ոչ մի պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից»:

  • Կիսվել: