«Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան». Ալիևի պատասխանը Փաշինյանի հայտարարությանը
Սոչիում անցկացվող «Վալդայ» համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում անցկացվող «Վալդայ» համաժողովին խոսել է արցախյան հակամարտության մասին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը:
«Կցանկանայի անդրադառնալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը, գրեթե բառացիորեն՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Առաջին հերթին՝ դա մեղմ ասած սուտ է… Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ հակամարտության կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ՝ Ադրբեջանի համար:
«Հայաստանի վարչապետը հաճախ է ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ՝ Ադրբեջանի ժողովուրդների համար: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած է եղել ադրբեջանցի և հայ բնակիչներից, որոնք հավասար իրավունքներ են ունեցել»,-նշել է Ադրբեջանի նախագահը
Ըստ նրա՝ Ադրբեջանի համար ընդունելի որոշումը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է: