«Դեպի Քիրս». ալպինիստական անկյունը` Արցախի բարձր գագաթները նվաճելու հնարավորություն
«Դեպի Քիրս» ալպինիստական անկյունը համայնքային զարգացման ծրագիր է, որը գեներացվել է «Դասավանդիր, Հայաստան»-ի համայնքային, աշակերտական ծրագրերի շրջանակներում։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծրագրի հեղինակ Արծրուն Արշակյանը և նշել, որ այն իրականացվում է ՕՍՄ Արցախ հիմնադրամի շնորհիվ և Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի աջակցությամբ։


Մեր զրուցակցի խոսքով՝ ծրագրի գաղափարն առաջացել է պատերազմից հետո, երբ սկսեց դասավանդել Ստեփանակերտի երրորդ դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
«Հաճախ երեխաներից լսում էի, որ հիասթափված են, չեն կարևորում ֆիզիկական կրթությունը, առողջ ապրելակերպի հանդեպ անտարբեր են։ Ինչպես նաև փաստը, որ հենց Արցախում ապրող մարդիկ իրենց շրջակայքը բավարար չափով չեն ճանաչում։
Մանավանդ հակամարտությունների գոտում կարևոր է, որ տեղացիները շատ լավ ճանաչեն հայրենի բնությունը, համայնքները, սարերը, որպեսզի, կարիքի դեպքում, կարողանան պաշտպանել, պաշտանվել ու ապավինել սարերին։ Մինչ Արցախ տեղափոխվելը, ես աշխատում էի որպես լեռնային ուղեկցորդ. հնարավորություն եմ ունեցել Արցախի հիմնական բարձր գագաթները նվաճելու, և ուզում եմ, որ իմ աշակերտները ևս ունենան այդ հնարավորությունը՝ վերևից դիտել մեր հայրենիքը ու ներքևից շուրջը նայելիս ճանաչել մեր երկրի բարձր սարերը։ Առաջիկայում՝ օրերը տաքանալուն պես, նախատեսում ենք կազմակերպել արշավներ երեք կարևոր ուղղություններով՝ Կաչաղակաբերդ, Կոշիկ անապատ, Մեյդան։ Արդեն ունեցել ենք մեկ արշավ դեպի Պատարա գյուղի տարածքում գտնվող Արծվաքար (Ուրծյուքար), որին մասնակցել են քսաներեք աշակերտներ` Ստեփանակերտից և Պատարայից։