ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
«Ցարն» է ասել, պարտավոր եք ի կատար ածել. Ինչպիսի փոխհարաբերություններ էին ՀՀ նախկին և արցախյան իշխանությունների միջև․ աղբյուր

«Ցարն» է ասել, պարտավոր եք ի կատար ածել. Ինչպիսի փոխհարաբերություններ էին ՀՀ նախկին և արցախյան իշխանությունների միջև․ աղբյուր

Վաղը՝ դեկտեմբերի 10 Արցախի Հանրապետությունը կնշի իր սահմանադրության օրը։ Այս կապակցությամբ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, ուշագրավ դրվագներ պատմեց PrimeNews-ին արցախյան սահմանադրական "բարեփոխումների" գործընթացից և Հայաստանի նախկին և ԱՀ-ի իշխանությունների փոխհարաբերություններից։ 

"Վերջերս շատ է խոսվում հայաստանյան իշխանությոսւնների Արցախի ներքին գործերին իբրև թե միջամտելու մասին։ Սակայն այն մարդիկ, ովքեր նման պնդումներ են անում, կամ գաղափար չունեն, թե ինչ փոխհարաբերություններ են եղել նախկինում ՀՀ և արցախյան իշխանությունների միջև, կամ ուղղակի կեղծում են իրենք իրենց",- ասաց նա։ 

Այն հարաբերությունները, որոնք առկա էին ՀՀ նախկին և արցախյան իշխանությունների միջև, ըստ մեր զրուցակցի, կարելի է բնութագրել, որպես վերադասի և ստորադասի հարաբերություններ։ "Որևէ հավասար, գործընկերային հարաբերությունների մասին, ինչպես հիմա է փորձ արվում ներկայացնել, խոսք անգամ լինել չէր կարող։ Շատ դեպքերում որոշումները Երևանից ուղղակի թելադրվում էին, եթե չասեմ պարտադրվում",- հավաստեց նա։ 

Որպես իր ասածի վառ ապացույց, նա բերեց Արցախի սահմանադրական ռեֆորմների գործընթացը։ «Արցախյան իստեբլիշմենթի և խորհրդարանական ուժերի մեծամասնության կարծիքով, այդ ժամանակահատվածում սահմանադրական հանրաքվեի անհրաժեշտություն չկար։ Կամ եթե կար էլ, ապա ոչ այն անհեթեթ նախագծով, որը բառիս բուն իմաստով պարտադրվեց մեզ Երևանից։ Այո, այո, պարտադրվեց՝ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, շատ իմպերատիվ եղանակով։ Անգամ հաշվի չառան քաղաքական ուժերի մեծամասնության բացասական դիրքորոշումը մեզ փաթաթված փաստաթխթի վերաբերյալ։ Թերևս միայն "Ազատ Հայրենիքը" և ԱԺԿ-ն չընդդիմացան դրան։ Ձեզ թվում է արցախյան սահմանադրական բարեփոխումների նախագիծը գրվել է Արցախու՞մ։ Կամ գոնե լրամշակվել, կամ խորհրդակցվել է արցախյան քաղաքական ուժերի հետ, եթե այո Դուք, չարաչար սխալվում եք։ Այն մեզ ներկայացվել է ՀՀ այժմյան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից, որը անձամբ էր այդ ժամանակաշրջանում եկել Արցախ և բիրտ իմպերատիվ մեթոդներով քաղաքական ուժերի շրջանում առաջ «բրդում» այդ անհեթեթ փաստաթուղթը։ Մեզ նույնիսկ չբարեհաճեցին բացատրել թե ինչու հիմա, ինչու այդ տեսքով, որն է դրա տրամաբանությունը։ «Ցարն» է ասել և վերջ, պարտավոր եք ի կատար ածել։ Եվ նման բազում դեպքեր։ Եվ հիմա որոշ մարդիկ, որ խոսում են Երևանի կողմից Արցախի ներքին գործերին խառնվելուն՝ չգիտես լաս, թե խնդաս։ Թերևս ամենա լավ միջոցը նման օրինակներով թարմացնես իրենց հիշողությունը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։   

 

      

 

  • Կիսվել: