ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արցախը ոչ միայն Հայաստան է, այլև Հայաստանի Հանրապետություն․ Վահան Բադասյան

Արցախը ոչ միայն Հայաստան է, այլև Հայաստանի Հանրապետություն․ Վահան Բադասյան

Արցախի ընտրություններին մասնակցող Միացյալ Հայաստան կուսակցությունը և նրա կողմից առաջադրված Արցախի ղեկավարի թեկնածուս գտնում ենք,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հարցը ըստ էության հասցեագրված է Երևանում վաղուց մերժված,իսկ Ստեփանակերտում դեռ իշխանությունը վայելող նախկին հանցավոր վարչակազմի ներկայացուցիչներին և նրանց հետ գործակցող թեկնածուներին: Այս մասին գրում է արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի նախագահի թեկնածու Վահան Բադասյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահի թեկնածուներին առաջարկել էր հայտնել իրենց դիրքորոշումներ «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևի վերաբերյալ։

«Մենք մշտապես դատապարտել և դատապարտում ենք ոչ միայն Սերժ Սարգսյանի կողմից որպես բանակցային հիմք ճանաչված կարգավորման սկզբունքները,այլև Հայաստանի նոր կառավարության կողմից դրանց աներկբա մերժման անհասկանալի ուշացումը: Այդ կապակցությամբ, որպես ՀՀ լիիրավ քաղաքացիներ,մեր հերթին բացատրություն ենք պահանջում Հայոց կառավարությունից: Ավելին, առիթից ,օգտվելով հարկ ենք համարում ընդգծել,որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության պատճառը այն նույն մերժելի իրավաքաղաքական հայեցակարգն է,որին, ցավոք ,հարում է այսօր նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Տասնամյակների ընթացքում Լևոն Տեր- Պետրոսյանի սցենարով Հայաստանից Արցախի կեղծ "անկախության "բեմականացման պատճառով է,որ հայկական կողմը բանակցությունների ընթացքում զրկված է ազատագրված տարածքների նկատմամբ իր հավակնությունների մասին բաց խոսելու հնարավորությունից:»,- գրել է Բադասյանը։

Ըստ նրա՝ Արցախը բանակցային կողմ դարձնելու Երևանի ձգտումը Մինսկի խմբի շրջանակներում բավարարել հնարավոր չէ: Իսկ նախկին տարբերակը, երբ բանակցություններին մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի ոչ միայն հայկական, այլ ադրբեջանական համայքների ներկայացուցիչները,մենք համարում ենք մեծ սպառնալիք,որը կարող է ռազմի դաշտում տարած հաղթանակը վերածել դիվանագիտական խայտառակ պարտության:

«Հարգելի՛ պրն.Փաշինյան, եթե Դուք համարում եք, որ ընտրված չեք արցախաբնակ ՀՀ քաղաքացիների կողմից և չեք կարող մեզ ներկայացնել բանակցություններում, ապա այդ հարցը ունի մեկ պարզ լուծում` վերականգնեք արցախաբնակ ՀՀ քաղաքացիների համապետական ընտրություններին մասնակցելու , խտրականության չենթարկվելու և մյուս սահմանադրական իրավուքները: Իսկ մինչ այդ Ձեզ ընտրել է Հայ ազգն ու Դուք հաշվետու եք նրան,իսկ այդ ընտրությանը մասնակցելու հնարավորությունից զրկված արցախցիների կարծիքը միանշանակ Հայ ազգի կարծիքից ոչնչով չի կարող տարբերվել: Արցախը ոչ միայն Հայաստան է, այլև Հայաստանի Հանրապետություն»,- գրել է Բադասյանը։

  • Կիսվել: