երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի ԿԸՀ-ում մեկնարկեց համապետական ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերի փաստաթղթերի հանձնման գործընթացը

Արցախի ԿԸՀ-ում մեկնարկեց համապետական ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերի փաստաթղթերի հանձնման գործընթացը

Այսօրվանից մեկնարկում է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին մասնակցել ցանկացող հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու գործընթացը:

ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում փետրվարի 4-ի դրությամբ գրանցված է 27 կուսակցություն:

Արդեն իսկ հայտարարվել է համապետական ընտրություններին մասնակցել ցանկացող նախագահի 9 թեկնածուների մասին: «Ազատ Հայրենիք» կուսակցությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի, «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը՝ Աշոտ Ղուլյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը՝ Դավիթ Իշխանյանի, «Ազգային Վերածնունդ» կուսակցությունը՝ Հայկ Խանումյանի, «Անկախության սերունդ» կուսակցությունը՝ Ռուսլան Իսրայելյանի, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ Վահան Բադասյանի, Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ Վիտալի Բալասանյանի, «Մայիլյան-Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը Մասիս Մայիլյանի թեկնածությունը: Արցախի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրություններին կմասնակցի նաև կին թեկնածու՝ Քրիստին Բալայանը: Ի դեպ, որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են կուսակցությունների դաշինքով հանդես գալու մասին: «Ազատ Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով հանդես գալու և կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանին սատարելու իրենց որոշման մասին հայտարարել են «Արցախի Հանրապետական», «Քաղաքացիական միացյալ դաշինք» և «Արցախի Ազատություն» կուսակցությունները: Մեկ այլ՝ «Մայիլյան-Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը ձևավորվել է «Արցախի Ռամկավար Ազատական», «Ինքնություն և միասնություն» ու «Վաղվա Արցախ» կուսակցություններից:

Իսկ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ փետրվարի 9-ին գումարվելիք արտահերթ համագումարից հետո կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում կուսակցության հիմնադիր-նախագահ Սամվել Բաբայանը և նույն կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուն հանդես կգան համատեղ հայատարարությամբ:

  • Կիսվել: