ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Արցախի դատական դեպարտամենտի արձագանքը Սամվել Բաբայանի հայտարարությանը

Արցախի դատական դեպարտամենտի արձագանքը Սամվել Բաբայանի հայտարարությանը

Սամվել Բաբայանն ընդդեմ ԱՀ Ոստիկանության վիզաների վարչության վարչական գործով 19.12.2019թ. նախնական դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է հայցվոր Սամվել Բաբայանի ներկայացուցիչների միջնորդության հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը։

«Նիստից հետո Ս.Բաբայանի տարածած այն հայտարարությանը, որ Վարչական դատարանը հերթական անգամ հետաձգել է որոշումը՝ հրաժարվելով ընդունել Արցախի քաղաքացիությունից ինձ զրկելու որոշման անօրինականությունը, ըստ այդմ՝ նաեւ իմ իրավունքների վերականգնումը, տեղեկացնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը եւ չի արտացոլում տվյալ գործի դատավարական ընթացակարգի իրական պատկերը:

Նշված գործի շրջանակներում տեղի է ունեցել 8 նախնական դատական նիստ, որից 7-ը հետաձգվել է բացառապես կողմերի միջնորդություններով, ընդ որում 6-ը՝ Սամվել Բաբայանի ներկայացուցիչների նախաձեռնությամբ, ինչի մասին վկայում են գործում առկա նյութերն ու դատական նիստերի արձանագրությունները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսօրվա նախնական դատական նիստում Վարչական դատարանը չէր կարող գործի ելքը պայմանավորող որոշում կայացնել, քանի որ նշված գործով դեռեւս դատաքննություն չի իրականացվել:

Ներկայացնում ենք նաեւ նիստերի հետաձգման հիմքերը.

2019թ. մայիսի 23-ի նախնական դատական նիստը հետաձգվել է պատասխանողի ներկայացուցչի կողմից՝ Սամվել Բաբայանին հաշվառումից հանելու հետ կապված վարչական վարույթի նյութերի բնօրինակները ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որին հայցվորի ներկայացուցիչները չեն առարկել:

2019թ. հունիսի 18-ի նախնական դատական նիստը հետաձգվել է հայցվորի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանի կողմից՝ Սամվել Բաբայանի՝ ՀՀ-ում հաշվառման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը եւ դրա հետ կապված վարչական վարույթի նյութերը ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից ստանալու միջնորդությամբ պայմանավորված:

2019թ. հուլիսի 9-ի նախնական դատական նիստը հետաձգվել է՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից պահանջված՝ Սամվել Բաբայանին հաշվառումից հանելու վերաբերյալ վարչական վարույթի նյութերը ստացված չլինելու հիմքով:

2019թ. օգոստոսի 27-ի նախնական դատական նիստը հետաձգվել է՝ հայցվորի ներկայացուցիչ Արամ Ղլեչյանի կողմից ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն ուղարկված գրությամբ ապացույցը ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

2019թ. սեպտեմբերի 24-ի նախնական դատական նիստը հետաձգվել է՝ հայցվորի ներկայացուցիչ Ռաֆիկ Մարտիրոսյանի առ 24.09.2019թ դիմումի համաձայն, որով խնդրել է դատական նիստը հետաձգել՝ պայմանավորված ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:

2019թ. հոկտեմբերի 10-ի նախնական դատական նիստը հետաձգվել է հայցվորի ներկայացուցիչ Ռաֆիկ Մարտիրոսյանի առ 10.10.2019թ դիմումի համաձայն, որով խնդրել է դատական նիստը հետաձգել՝ նույն առ 24.09.2019թ. դիմումի հիմքով:

2019թ. հոկտեմբերի 29-ի նախնական դատական նիստը հետաձգվել է Հայցվորի եւ Պատասխանողի ներկայացուցիչների միջնորդությունների հիման վրա՝ ՀՀ եւ ԱՀ պաշտպանության նախարարություններից Սամվել Բաբայանի զինվորական հաշվառման վերաբերյալ փաստաթղթեր պահանջելու անհրաժեշտությամբ:

2019թ. դեկտեմբերի 19-ի նախնական դատական նիստը հետաձգվել է Հայցվորի եւ Պատասխանողի ներկայացուցիչների միջնորդությունների հիման վրա՝ պայմանավորված ԱՀ պաշտպանության նախարարությունից նախորդ հարցման պատասխանի ոչ ամբողջական լինելու պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: