շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար

Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որով ամրագրվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում չեն զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից:

Բացի այդ, որոշվել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին հնարավորություն տրվի օգտվելու սույն օժանդակության ծրագրից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Գործող կարգավորմամբ սահմանված է, որ օժանդակության ծրագրի գործողության ժամկետը ծրագրի հաստատումից հետո 6 ամիս է, սակայն նպատակահարմար է ժամկետը երկարացնել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նոր ուսումնական տարում հնարավորություն տալով ուսուցիչներին համալրելու թափուր հաստիքները:

Ներկայում սույն ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում տվյալ ուսուցիչը զրկվում է ծրագրից կրկին օգտվելու իրավունքից: Սակայն, պայմանավորված այն հանգամանքով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները չունեն հիմնական բնակության վայր, և, իրավիճակով պայմանավորված, կարող են բնակության վայր փոխել, ուստի անհրաժեշտ է բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված դեպքերում պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ծրագրի շահառուին չզրկել ծրագրից կրկին օգտվելու իրավունքից:

Միջոցառման իրականացման արդյունքում նախատեսվում է, որ ավելի մեծ թվով մասնագետներ հնարավորություն կունենան համալրելու առկա թափուր հաստիքները:

  • Կիսվել: