ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անգամ մեկ զոհն ավելի քան շատ է. Մնացականյանը՝ վերջին միջադեպի մասին

Անգամ մեկ զոհն ավելի քան շատ է. Մնացականյանը՝ վերջին միջադեպի մասին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ասուլիսի ընթացքում է տեղեկացել, որ վերջին օրերին Տավուշի ուղղությամբ Ադրբետանի բացած կրակի հետևանքով հայ զինվոր է վիրավորվել:

Անդրադառնալով այս դեպքին՝ նա ասուլիսի ժամանակ ասաց, որ դեռ առիթ չի ունեցել խոսելու մյուս գործընկերների հետ, բայց կարող է ասել, որ դա չափազանց մտահոգիչ է:

«Էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար ամբողջ բանակցային փաթեթի կարևորագույն տարրն է։ Էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու իրական առաջընթաց ունենալ բանակցային գործընթացում»,-նշեց նա:

Նախարարի խոսքով՝ մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019 թ․ ընթացքում՝ էսկալացիայի ավելի նվազ պատկեր, ինչպես նաև ունենք լավ օրինակ, երբ դրա համար օգտագործվում է ուղիղ կապը: Մնացականյանը պարզաբանեց. «Իհարկե, երբ ես ասում եմ նվազ, ինձ համար փոքր-ինչ դժվար է, որովհետև, եղել են զոհեր, և անգամ մեկ զոհն ավելի քան շատ է: Համեմատական առումով եղել է ավելի նվազ էսկալացիա, և շատ էական է պահպանել էսկալացիայի նվազ ռիսկերը։ Այստեղ անհրաժեշտ է լինելու ավելի հստակ հասկանալ՝ ինչ զարգացումներ են եղել»։

Նա նշեց, որ հայկական կողմից եղել է վիրավոր, ինչը, իհարկե, շատ մտահոգիչ է, անընդունելի: Նախարարը վստահեցրեց, որ իրենք շարունակելու են շատ հստակ առաջ տանել իրենց օրակարգը՝ կոնկրետ առաջարկներով:

«Այստեղ կոնկրետ հարցեր կան՝ կապված ռիսկերի նվազեցումն իրականացնելու հետ և միջոցառումներ, որոնք բխում են թե՛ նախկինում ձևավորված առաջարկներից, թե՛ ներկայումս ձևավորված մոտեցումներից։ Շատ հստակ առաջարկներ են, կան շատ հստակ մոտեցումներ, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել, և առավել անհրաժեշտ է կառուցել այն դրականի վրա, որ մենք ունեցանք 2019 թվականին, կառուցելու, ամրապնդելու զինադադարի ռեժիմը և թույլ չտալու որևէ էսկալացիայի ռիսկ, որովհետև վտանգի և վտանգի սպառնալիքի մեթոդները չեն աշխատել և խստորեն մերժվում են»,-ասաց Մնացականյանը:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ:

Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է:

  • Կիսվել: