շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
WhatsApp-ը 2 նոր գործառույթ է ստացել

WhatsApp-ը 2 նոր գործառույթ է ստացել

WhatsApp մեսենջերը երկու նոր գործառույթ է ստացել, որոնք զգալիորեն կհեշտացնեն օգտատերերի փոխգործակցությունը «Համայնքներ»-ի (Communities) ներսում: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում։

Առաջին նորարարությունը միջոցառումների պլանավորման ինտեգրված գործիքն է: Այն «Համայնքներ»-ի անդամներին հնարավորություն է տալիս ստեղծել, հայտարարել և կառավարել իրադարձությունները անմիջապես հավելվածում: Այժմ կոնկրետ համայնքի ցանկացած անդամ հնարավորություն ունի նախաձեռնել միջոցառում, որին կարող են մասնակցել այլ օգտատերեր։

Առաջիկա իրադարձությունների մասին տեղեկությունը հասանելի կլինի խմբի էջում, և դրանց մասին ծանուցումներն ավտոմատ կերպով կուղարկվեն մասնակիցներին՝ միջոցառման ամսաթվի մոտենալուն զուգահեռ։ Այս պահին միջոցառումների պլանավորման գործառույթը հասանելի է «Համայնքներ»-ում խմբավորված խմբերի համար: Բոլոր խմբային չատերի համար գործառույթը հասանելի կլինի շուտով:

WhatsApp-ի մշակողները նաև ներդրել են համակարգ, որը «Համայնքներ»-ի ադմինիստրատորների հաղորդագրությունների պատասխանները դասավորում է շղթայի տրամաբանությամբ: Պատասխանները կկազմակերպվեն՝ նվազագույնի հասցնելու չատում հնարավոր խառնաշփոթը: Նման պատասխանների ծանուցումները նախապես անջատված են սպամից խուսափելու համար:

  • Կիսվել: