Վլադիլեն Բալյանի անունով պուրակ՝ Գյումրիում
Գյումրիի թիվ 1 արվեստի դպրոցի դահլիճը և Ռուսթավելի փողոց 5 հասցեի պուրակն այսուհետ կրելու են ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի անունը։
Այս տարի լրանում է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի հիմնի երաժշտության հեղինակ Վլադիլեն Բալյանի 100-ամյակը: Հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակներում, Գյումրիի քաղաքապետարանի որոշմամբ, տեղի է ունեցել թիվ 1 արվեստի դպրոցի դահլիճի և Ռուսթավելի փողոց 5 հասցեի պուրակի անվանակոչությունը:
Արվեստի դպրոցի դահլիճի բացման պատիվը տրվեց Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանին և Վլադիլեն Բալյանի որդուն՝ Կարեն Բալյանին, որին հաջորդեցին դպրոցի սաների կատարումները՝ հնչեցին Բալյանի ստեղծագործությունները:
Արվեստի դպրոցում կազմակերպված միջոցառումից հետո հյուրերը շարժվեցին դեպի պուրակ:
«Մեզ համար շատ կարևոր է առնվազն հոբելյանական տարեթվերին ևս մեկ անգամ փաստելու, խոսելու, որ գիտենք, ճանաչում ենք և պատրաստ ենք ամեն ինչ անել, որ մեր մեծերին իմանան, ճանաչեն և շնորհակալ լինեն նաև սերունդները»,-իր խոսքում նշեց Գյումրիի համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
«Գյումրին հայրիկիս համար շատ թանկ քաղաք էր, շատ թանկ մարդիկ էին գյումրեցիները: Իր կյանքի 97 տարիներից ընդամենը երկուսն է նա այստեղ ապրել, բայց դա բավական էր, որպեսզի ինքն ամբողջովին լցվեր այդ սիրով քաղաքի հանդեպ ու, կարծես թե, այդ սիրո զգացմունքով գյումրեցիները պատասխանել են իրեն»,-նշեց Կարեն Բալյանը: