շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ

Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ

Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի արտահայտված սրացման պատճառ դառնալ: Այս առիթով խորհուրդներ է տալիս ալերգոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Արմինե Հակոբյանը:

 «Մարդկանց մոտ տարածված կարծիք կա, որ շնչառական ուղիների, թոքերի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել տարբեր հանգստյան գոտիներում եղևնիների, սոճիների ծաղկափոշին շնչելով:

 Հաճախ, առանց բժշկի հետ խորհրդակցելու, բուժմանը ավելացնում են կամ որպես միակ բուժման միջոց ընտրում են հենց այդ տարբերակը:

 Եղևնիների ծաղկափոշին, ինքնին ալերգեն չէ, սակայն շնչելու ընթացքում բազմաթիվ ալերգեններ կարող են ներթափանցել օրգանիզմ և գերզգայուն մարդկանց մոտ կարող են առաջացնել ալերգիկ ռինիտի խիստ սրացումներ, իսկ բրոնխիալ ասթմայի առկայության դեպքում` հիվանդության արտահայտված սրացում, անգամ` կյանքին վտանգ սպառնացող վիճակներ։

 Կարևորելով բնության, մաքուր օդի կարևորությունը առողջության համար` բուժառուները պետք է հաշվի առնեն իրենց հիվանդության առանձնահատկությունները։

 Այս հիվանդությունների կանխարգելման ապացուցված եղանակներ չկան: Չնայած տհաճ ախտանիշներին` ալերգիկ ռինիտն արդյունավետ կառավարվում է դեղերի միջոցով, առկա է նաև վերջնական բուժման եղանակ։ Բրոնխիալ ասթմայի դեպքում ևս արդի, ուղեցույցային բժշկության շնորհիվ հնարավոր է հասնել լիակատար վերահսկողության։ Ժամանակին սկսված բուժման արդյունքում հիվանդությունը չի ազդում բուժառուի կյանքի որակի և տևողության վրա, ուստի անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ` բուժման մեթոդի ընտրության վերաբերյալ»,- խորհուրդ է տալիս մասնագետը:

  • Կիսվել: